Հայաստանի ոստիկանությունը, իրեն բնորոշ ոճով, վերջապես անդրադարձել է փետրվարի 19-ին ոստիկանության եւ ընդդիմության ակտիվիստների միջեւ տեղի ունեցած բախմանը:

Ըստ տարածված հաղորդագրության՝ «ժամը 18.00-ին, Կորյունի փողոցի թիվ 19 հասցեում գործող ՀԱԿ կուսակցության վարչության շենքի մոտից ՀԱԿ-ի կողմից կազմակերպվել եւ անցկացվել է չարտոնված երթ` Կորյուն-Աբովյան-Սայաթ-Նովա երթուղով, որի ընթացքում մասնակիցները Սայաթ-Նովա փողոցի թիվ 6 շենքի մոտ դուրս են եկել փողոցի երթեւեկելի մաս` խոչընդոտելով երթեւեկությանը, իսկ կազմակերպիչներից 1992թ. ծնված Սարգիս Ղազարյանը մասնակիցներին կոչ է արել շարունակել երթն ու ղեկավարելով նրանց` նոր մարդկանց է ներգրավել միջոցառման մեջ»։

Ոստիկանությունը նշել է, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու համար ոստիկանության Կենտրոնի բաժին բերման են ենթարկվել 1992թ. ծնված Սարգիս Գեւորգյանը, 1988թ. ծնված Սերգեյ Գասպարյանը, 1991թ. ծնված Վահագն Գեւորգյանը, 1987թ. ծնված Արեգ Գեւորգյանը, 1981թ. ծնված Տիգրան Առաքելյանը եւ 1987թ. ծնված Վարագ Նահապետյանը։ Բերման ենթարկվածները ստորագրությամբ բաց են թողնվել։ Կատարվում է հետաքննություն։

Ի դեպ, հաղորդագրության մեջ ուշագրավն այն է, որ ոստիկանությունը տեղյակ չէ, թե ՀԱԿ-ը կուսակցություն չէ եւ վարչություն չունի, իսկ մինչեւ 100 հոգի ներառող երթերը, ըստ հայաստանյան օրենսդրության, արտոնման կարիք չունեն:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի