Հայաստանի դպրոցներում եւ կրթական հաստատություններում խտրականությունը, բռնություններն ու նվաստացումները իրական եւ տեսանելի են: Համաշխարհային վիճակագրության համաձայն` յուրաքանչյուր դպրոցի հինգ երեխայից մեկը ենթարկվում է խտրականության եւ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի»: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, Երեւանում տեղի ունեցած քննարկման ժամանակ նշել է «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Նվարդ Մարգարյանը՝ հավելելով, որ իրենց կազմակերպությունը ուսումնասիրություններ է կատարել դպրոցներում գրանցված բռնությունների եւ նվաստացումների դեպքերի վերաբերյալ:

Նվարդ Մարգարյանը դպրոցում խտրական վերաբերմունքի մի դեպք է պատմել նշելով, որ օրինակ, մի տղա ութ դպրոց է փոխել, քանի որ դասընկերների վերաբերմունքը նրա հանդեպ անմարդկային է եղել` կանացի համարվող ժեստերի, բարակ ձայնի պատճառով: «Նրան անգամ աղբամանի մեջ են գցել, թքել վրան եւ ծեծել: Մեկ այլ դեպքում երիտասարդ աղջիկ, ով գեր է եղել, դասընկերների համար նվաստացման «օբյեկտ» է հանդիսացել: Նրան, օրինակ, կոնֆետ են տվել եւ ասել` «Առ, կեր, չաղո, սոված կլինես»,- ասել է Մարգարյանը՝ հավելելով, որ դպրոցներում արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքն ու խտրականություն բոլորի խնդիրն է, քանի որ այնտեղ մեր երեխաներն ու ընկերներն են սովորում:

Քննարկմանը մասնակցող հոգեբան-թերապեւտ Նարինե Հովակիմյանն էլ նշել է, որ այս հարցում դպրոցները պետք է համագործակցեն հոգեբանների հետ, նաեւ համատեղ կանոններ մշակեն՝ կատակը ծաղրից տարբերակելու համար:

Նշենք, որ ամեն տարվա ապրիլի երկրորդ ուրբաթը աշխարհի շատ երկրներում նշվում է որպես «Լռության օր», որի նպատակն է հասարակության ուշադրությունը սեւեռել դպրոցներում եւ համալսարաններում ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց եւ այլ սոցիալական խմբերի նկատմամբ խտրական վերաբերմունքի վրա: