Իմ երազանքն է որ կեղծ ընդդիմությունը ձայն չստանա Երեւանի ավագանու ընտրություններին, իսկ «Ժառանգությունը» շատ ձայն ստանա։  Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը:

Նա հիշեցրեց, որ նախագահական ընտրություներին իրենք սատարում էին Հրանտ Բագրատյանին. «Իմ ցանկությունը Բագրատյան Հրանտն էր, բայց հետընտրական զարգացումներում կանգնել ենք Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին եւ ավագանու ընտրություններին էլ սատարում են «Բարեւ, Երեւան» դաշինքին։ Ժողովրդի որոշումը հարգում եմ, ցանկանում եմ ժողովրդի կողմից ընտրված, նշանակված ընդդիմադիր առաջնորդը գոնե այս ժամանակահատվածում հաջողություն ունենա»,- նշեց նա։

Սոս Գիմիշյանը քիչ հավանական է համարում Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքում ընդդիմության կոալիցիայի ձեւավորումը եւ քաղաքապետարանի գրավումը։ Նա նշեց, որ եթե «Ժառանգությունը» ստանա ձայների մեծամասնությունը, գուցե ինչ-որ բան հնարավոր լինի, բայց չգիտի, թե ինչքանով դա կլինի անկեղծ։  «Կա կեղծ ընդիդմություն եւ կա կեղծ իշխանություն,  այդ տիպի ուժերը անձնական շահ են հետապնդում, ես իրենց  հաջողություն չեմ ցանկանում»,- ասաց Գիմիշյանը՝ այդպես էլ չբացահայտելով, թե ով է կեղծ ընդդիմությունը: «Կյանքը ցույց կտա, շատերին պարզ է»,-ամփոփոց նա: