Չեխիայի խորհրդարանի Եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յան Բաուերի գլխավորած պատվիրակությունն, այսօր՝ ապրիլի 19-ին, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Չեխ խորհրդարանականները ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգել են ցեղասպանված մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Յան Բաուերն ու պատվիրակության անդամները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, հետաքրքրությամբ դիտել ցուցանմուշները։

«Պատվո» հյուրերի հուշամատյանում Յան Բաուերը կատարել է գրառում. «Շնորհակալություն, որ կարողացա լինել այս թանգարանում։ Տխուր ու ողբերգական է։ Կարող ենք դասեր քաղել։ Ես շատ տխուր եմ, որ Դուք ունեցել եք այսպիսի ողբերգական անցյալ»։

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին։

Նշելով, որ առաջին անգամ է լինում Հայաստանում, նա ասել է. «Ինչին, որ ականատես ենք այստեղ՝ բավականին հուզիչ է»։

Ինչ պետք է անել ցեղասպանությունները կանխելու համար հարցին ի պատասխան՝ Յան Բաուերը նշել է. «Չեխիայի Հանրապետությունը Եվրամիության անդամ երկիր է, եւ մենք զբաղվում ենք այդ հարցով։ Մենք պետք է դասեր քաղենք, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն»։