Ընտրությունների ժամանակ այս կամ այն քաղաքական ուժի ստացած տոկոսները դեռեւս չեն խոսում ընտրազանգվածի վստահության աստիճանի մասին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, մամուլի ասուլիսում նշեց Երեւանի ավագանու ընտրություններում «Առաքելություն» կուսակցության ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանը՝ հավելելով, որ հասարակության կողմից ճանաչված լինելն ու վստահությունը բոլորովին տարբեր բաներ են:
Նրա խոսքով՝ իրենց նորաստեղծ կուսակցության հիմնական նպատակներից մեկը քաղաքական սերնդափոխությունն է: «Ինչպես հայտնի է, մեր կուսակցությունում բավական երիտասարդներ են հավաքվել, ովքեր հասարակական ու քաղաքական պատասխանատվություն են զգում»,-ասաց նա:
Կուսակցության ներկայացուցիչը հերթական անգամ վստահեցրեց, որ իրենք մրցակցությունից չեն վախենում, թեեւ գիտակցում են, որ իրենց մրցակիցները հասարակությանը լայնորեն հայտնի քաղաքական ուժեր են: «Կշարունակենք մրցակցել, աստիճանաբար ամրապնդելով մեր դիրքերը»,-ասաց Առաքելյանը:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա «Առաքելությունը» ցանկանում է այն վերածել եվրոպական չափանիշներով քաղաքի, որն «առաջին հերթին գեղեցիկ ու անվտանգ կլինի հենց երեւանցիների համար»:




























