Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, այսօր՝ ապրիլի 19-ին, ընդունել է «Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներին: Ամենամյա այս մրցույթ-փառատոնն անցկացվում է Գարեգին Բ-ի օրհնությամբ եւ հովանավորությամբ «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական բարեգործական հիմնադրամի:

Հանդիպման սկզբում ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է փառատոնի ժյուրիի անդամներին:

Այնուհետեւ աշխարհի տարբեր երկրներից ժամանած երաժիշտների այցը հայոց նվիրական հոգեւոր կենտրոն ողջունել եւ հայրապետական իր օրհնությունն է բերել Գարեգին Բ-ն: Նա իր գնահատանքն է հայտնել «Փյունիկ» հիմնադրամին, հանձին հիմնադրամի համանախագահ եւ ազգային բարերար Գաբրիել Ջամբարջիի, ինչպես նաեւ մրցույթի կազմակերպիչներին ու ժյուրիի անդամներին` միջազգային փառատոնի անցկացման համար ներդրած գովարժան աշխատանքի համար:    

Կաթողիկոսը հույս է հայտնել, որ ավանդույթ դարձած այդ գեղեցիկ նախաձեռնությունը շարունակական կլինի, որի շնորհիվ խրախուսվում է երիտասարդ կատարողների տաղանդը եւ հարստացնվում նրանց փորձառությունը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայ Եկեղեցու անցած դժվարին ճանապարհին եւ վերջին տարիների ձեռքբերումներին ու առաքելությանը հայ ժողովրդի կյանքում: