Մի շարք ձեռնարկություններում, որտեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բաժնեմասեր ունի, հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Կարծում եմ` դա բնականոն գործընթաց է,  եւ որեւէ մտահոգվելու պատճառ չկա, որովհետեւ բոլոր այդ ձեռնարկություններն իրենց հարկային պարտավորությունները կատարում են կատարելապես ու հանրության համար մշտապես թափանցիկ են»,- ասաց նա:

Մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ ստուգումներ, մասնավորապես, կատարվում են «Մուլտի գրուպի» ենթակայությամբ գործող մի քանի ձեռնարկություններում: Նա հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Նշենք որ «Ժողովուրդը» գրել էր, որ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող բլոր բիզնեսներն այս օրերին մանրամասն ստուգվում են: Թերթի տեղեկություններով՝ ՀՀ պետեկամուտների կոմիտեն լայնածավալ ստուգումներ է սկսել Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանում, կոնյակի գործարանում, «Կոտայք» գարեջրի գործարանում եւ մյուս այլ ձեռնարկություններում, որոնք պատկանում են Գ. Ծառուկյանին: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՊԵԿ-ը մոնիթորինգի միջոցով ստուգումներ է իրականացնում անգամ Ծառուկյանի դստերը պատկանող «Պրինցեսա» խանութ-սրահում, եւ ՀԴՄ-ի կտրոնն ուշացնելու համար արդեն կազմվել է համապատասխան ակտ:

«Ըստ երեւույթին, Գագիկ Խաչատրյանը՝ «Տամոժնի Գագոն», սա անում է ստացված քաղաքական հրահանգի շրջանակներում, որպեսզի նախընտրական շրջանում ԲՀԿ-ին կաշկանդի»,- գրել է թերթը: