2010թ Երեւանում կայանալու է Առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստը:

Նիստի կազմակերպչական հարցերն են այսօր փետրվարի 22-ին քննարկվել Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի եւ Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանի հանդիպմանը: Նախարար Գուրգեն Սարգսյանը Հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է:

Կապի եւ տրանսպորտի նախարար մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը NEWS.am-ին հայտնեց, որ Երեւանում կայանալիք հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում կքննարկվեն նաեւ տրանսպորտի ոլորտին առնչվող հարցեր, մասնավորապես` Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության նոր` ազատականացված համաձայնագրի ստորագրման հնարավորության եւ Երեւան-Սոֆիա-Երեւան ուղիղ ավիաչվերթի կազմակերպման մասին: Ամենայն հավանականությամբ, նիստի ընթացքում կկայանա նաեւ հայ-բուլղարական գործարար համաժողով:

Հիշեցնենք, որ հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստը կայացել է 2008 թ. դեկտեմբերի 9-10-ը Սոֆիայում: