Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության Անկարայից ընտրված պատգամավոր Օզջան Յենիչերին հայտարարել է, թե վերջին շրջանում Իմրալը կղզի պատվիրակությունների այցելությունների աճը կնպաստի, որ այնտեղ պատիժը կրող Աբդուլլահ Օջալանին փախցնեն։

Թուրքական Internethaber.com կայքի փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Օզջան Յենիչերին նշել է, թե առանց ընդմիջման տարբեր պատվիրակություններ են գնում ու գալիս Իմրալը կղզի։ Նա պնդել է, թե այդ գնալ-գալը կապ ունի ոչ միայն նամակային փոխանցումների, այլ նաեւ ուրիշ բաների հետ։

«Իշխանությունները ուշադրություն չեն դարձնելու Իմրալը կղզու անվտանգության պահպանությանը եւ ոմանց կհաջողվի այնտեղից փախցնել Օջալանին։ Այնուհետ բոլորը կասեն, թե մենք չենք արել եւ մեկը մյուսին մեղադրելով՝ այդ ամենը կանցնի»,-ասել է ազգայնական պատգամավորը՝ պնդելով, թե բանտից պետք է դուրս գա միայն Օջալանի դիակը եւ ոչ ավելին։

Նշենք, որ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը բազմաթիվ սպանությունների եւ պայթյունների կազմակերպման մեղադրանքով ցմահ ազատազրկման է դատապարտվել եւ իր պատիժն է կրում Իմրալը կղզու բանտում։