Տիգրան Սարգսյանն իր պաշտոնում ուղղակի տապալել է այն բոլոր ծրագրերը, որի մասին խոսել է Սերժ Սարգսյանը 2008թ սկսած, եւ կառավարությունն, որն այսօր կա, չի կարողացել նույնիսկ ՀՀԿ-ի առջեւ դրված խնդիրները լուծել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:
Նա համաձայն է Հրանտ Բագրատյանի դիտողությունների հետ, եւ կարծում է, որ անթույլատրելի է, որ Տիգրան Սարգսանը, եւ այլ մարդիկ թույլ են տալիս իրենց մասնագիտական կարողություններն օգտագործել եւ թվերի հետ աճպարարություն անել:
Միեւնույն ժամանակ, Վահագն Խաչատրյանը շեշտեց, որ շատ կասկածելի գործեալոճ է ընտրել Տիգրան Սարգսյանը, որն ուղղված էր ոչ թե ինչ-որ կոնկրետ ծրագրեր իրականացնելուն, այլ ընդամենը իմիտացիա էր, ցույց տալ, որ տնտեսության այս կամ այն ճյուղում ինչ-որ առաջընթաց կա, մինչդեռ ամենակարեւորը 3 ցուցանիշ է` աղքատություն` 35 տոկոս, գործազրկություն` 18-20 տոկոս եւ համատարած արտագաղթ` տարեկան 40-50 հազար մարդ: Նա նշեց, որ այս պայմաններում նորից նույն կառավարության ղեկավարին բերելը նշանակում է, որ ռեժիմը որեւէ ձեւով չի ուզում արձագանքել այսօրվա իրավիճակին ու անում է այն, ինչ ուզում է: Նա անհրաժեշտ է համարում համակարգի փոփոխությունը, որ իշխանությունը ձեւավորի ժողովուրդը:
Նրա խոսքով` ոչ Սերժ Սարգսյանը, ոչ այս համակարգը այսօր որեւէ ձեւով առնչություն չունեն ժողովրդի հետ, նույնիսկ այլընտրանք լինելու դեպքում էլ այս համակարգում անհնար է լինելու աշխատելը, իսկ եթե համակարգը փոխվի, նոր իրավիճակ կստեղծվի, նոր դեմքեր ի հայտ կգան:




























