«168 ժամ» թերթը թիվ 37 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Գրիգորյանի հետ։

Մասնավորապես, թղթակիցը հարցրել է.

- Ըստ Կապանում շրջանառվող լուրերի՝ Սյունիքում սպասվում է  մարզպետի փոփոխություն, նաեւ նշում են, որ Դուք Ձեր մանդատը վայր եք դնելու, որպեսզի Ձեր փոխարեն ԱԺ մուտք գործի մարզպետը։ Դուք կզիջե՞ք Ձեր մանդատը մարզպետին։

 - Դուք հիմա գիտե՞ք` ի՞նչ եք ասում: Դա նույնն է, որ ասեք` պարոն Գրիգորյան, Դուք ականատես եղե՞լ եք, ասենք, Սասունցի Դավթին, ապրե՞լ եք այդ ժամանակաշրջանում, նրա գործունեությունը տեսե՞լ եք: Այսինքն` առասպելներն ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել կամ ինչ-որ բան ասել դրա մասին:

- Դուք տեղացիների շրջանում շրջանառվող լուրերը համարում եք առասպե՞լ:

- Իհարկե, դա ընդամենը միֆ է: Եթե լրագրողները ցանկանում են, որ իրենց նյութերը, հոդվածները լավ սենսացիոն զետեղումներ ստանան, տարածում են նման խոսակցություններ:

- Նկատենք, որ ոչ թե լրագրողներն են տարածում այդ խոսակցությունները, այլ սյունեցիներն են խոսում այդ մասին:

- Ես լրագրողներից եմ լսել դա: Ես մամուլից եմ ծանոթացել այդ ամենին, ինչ ասում եք:

- Եթե այդ հարցը դրվի…

- Ես դրան լուրջ չեմ վերաբերվում, հասկանո՞ւմ եք:

- Այսինքն` Դուք չե՞ք պատրաստվում զիջել մանդատը:

- Մանդատն ինձ տվել է ժողովուրդը, թիվ 37 ընտրատարածքի բնակչությունը: Եթե 37 ընտրատարածքի բնակչությունը որոշի, որ ես վատ եմ աշխատում, որ ես հավուր պատշաճի չեմ ներկայացնում իրենց հոգսերն ու խնդիրները համապատասխան մարմիններին, ես,  բնականաբար, առանց ինչ-որ մեկի ասելու, առանց ինչ-որ մեկի պահանջի՝ ստիպված պետք է լինեմ հրաժարական տալ, բայց այս պահին իմ ընտրատարածքի բնակիչների հետ հանդիպելուց՝ առայժմ նման ցանկություն չկա:

- Այսինքն` մարզպետի ցանկությունը կամ պահանջը կարեւոր չի՞ լինի:

- Ինձ ո՞վ է լիազորել մանդատով` բնակչությունը:

- Սակայն Ձեզ սատարել է ՀՀԿ-ական մարզպետը:

- Սատարողը մեղմ ասած է: Ինձ սատարել է ամբողջ բնակչությունը: Քանի որ ես ՀՀԿ անդամ եմ, ինձ սատարել է նաեւ մարզպետը: Ընդամենը դա է»,- մեջբերում է «168 ժամը»։