Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ իր հրավիրած քաղաքացիական համաժողովի ընթացքում հայտարարել է Նոր Հայաստան շարժման ձեւավորման մասին, գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում.
«Սա նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի ծավալած գործունեության եզակի կոնկրետ դրվագներից մեկն է, ինչը, սակայն, կարելի է համարել բավական ուշացած։
Նոր Հայաստանի հռչակումն, իհարկե, գործի կեսն է միայն, անգամ կեսն էլ չէ, քանի որ հռչակագրերի տակ պետք է պատկերացնել կոնկրետ կառուցվածք, կոնկրետ գործ։ Պատկերացնո՞ւմ է Րաֆֆի Հովհաննիսյանը դա, թե՞ ոչ։ Միգուցե ինչ-որ բան կասեն հետագա քայլերը, թեեւ Հովհաննիսյանի պարագայում կարես թե այդ «հետագա քայլերը» վերածվում է հայտնի անեկդոտի «վաղը չէ մյուս օրվան»...
Ըստ հոդվածագրի՝ շարժման ձեւավորումն այն նվազագույնն էր, որ պետք է աներ Րաֆֆի Հովհաննիսյանը, որպեսզի պահպաներ պայքարի հնարավորությունը։ «Պետք է սակայն արձանագրել, որ առայժմ Րաֆֆի Հովհաննիսյանը հարկադրված կլինի պայքարել ոչ այնքան իշխանությունների, ինչքան այսպես ասած՝ «բուրժուադեմոկրատական» ընդդիմությունների դեմ, որոնք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ակտիվորեն վիճարկում են ընդդիմադիր դաշտում առաջատար դիրքերը։ Իսկ քանի դեռ Հովհաննիսյանի համար նվաճված չեն ընդդիմադիր դիրքերը, իշխանական դիրքերի հանդեպ հավակնություններ ունենալը կլինի ինքնախաբեություն»,- գրում է «Ժամանակ» թերթը (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։




























