Ապրիլի 19-ին ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել զինվորական կարգապահությունն ու օրինականությունն ամրապնդելու նպատակով ՀՀ ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների եւ զինվորական իրավապահ մարմինների միջեւ համագործակցության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին եւ հետագա անելիքներին նվիրված խորհրդակցություն:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցությանը ներկա են եղել ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը, ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Սամվել Ղուկասյանը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ պատասխանատու վարչությունների եւ առանձին ստորաբաժանումների ղեկավարներն ու սպաները:

Խորհրդակցության ընթացքում հանձնարարականներով է հանդես եկել ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը: Փոխնախարարն ընդգծել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ պատասխանատու ստորաբաժանումների կողմից իրենց պարտականությունների կատարման ընթացքում հայտնաբերած իրավախախտումների մասին սահմանված կարգին համապատասխան եւ ժամանակին իրավապահ մարմիններին հաղորդելու անհրաժեշտությունը, ինչն էապես կնպաստի հանցագործությունների լիարժեք եւ օպերատիվ բացահայտմանն ու այլ իրավախախտումների կանխարգելմանը: Արա Նազարյանն ընդգծել է նաեւ, որ անհրաժեշտ է ակտիվացնել զորամասերում ստեղծված զինվորական իրավապահ մարմինների հենակետերի աշխատանքները եւ իրավախախտումների, դրանց նպաստող պատճառների ու հանգամանքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման գործընթացը, գործուն աջակցություն ցուցաբերել զորամասերի հրամանատարությանը՝ կանոնադրային կարգը պահպանելու, զորամասերում արտակարգ դեպքերն ու պատահարները բացառելու, զինծառայողների իրավական պատրաստության եւ իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու հարցերում: