Ապրիլի 19-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդիսատեսը բուռն ծափահարություններով է ընդունել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին (ՀՊԵՆ)։ Նվագախումբը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ներկայացրին «Երիտասարդները երիտասարդների համար` Hollywood Non-Stop» բացառիկ համերգային ծրագիրը։
Հանդիսատեսը նվագախմբի կատարմամբ ունկնդրել է հոլիվուդյան սիրված ֆիլմերի («Խիզախ սիրտը», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում» եւ այլն) մեղեդիները: Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները հատուկ մշակվել են Երիտասարդական նվագախմբի համար:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշել է, որ դասական երաժշտությունը պետք է հասանելի լինի նաեւ մարզերի բնակչությանը։ «Hollywood Non-Stop»-ն արդեն իսկ ներկայացվել է Վանաձորում, Գյումրիում, Եղեգնաձորում, եւ այս բոլոր քաղաքներում հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ է ընդունել նվագախմբի ելույթները։ Սերգեյ Սմբատյանը համաձայն չէ այն պնդումների հետ, թե դասական երաժշտություն քիչ են լսում։ Մարդիկ սիրում են դասական երաժշտությունը, դրա կարիքն ունեն, պարզապես պետք է գտնել մատչելի ձեւաչափ` այն ավելի ճիշտ ներկայացնելու, հասանելի ու սիրելի դարձնելու համար։
Արտաշատի հանդիսատեսին ողջունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Շոն Օ’Հարան։ Նա բարձր գնահատեց ՀՊԵՆ-ի հետ համագործակցությունը՝ նշելով, որ այս մշակութային փոխանակման ծրագրի միջոցով հայ հանդիսատեսին է ներկայացվում ամերիկյան հայտնի ֆիլմերի երաժշտությունը, բացի այդ, սա նաեւ մեծ հնարավորություն է երիտասարդ տաղանդավոր երաժիշտների համար ներկայացնելու իրենց հմտությունները։
Արարատի մարզպետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Մերի Կարապետյանի կարծիքով՝ Երիտասարդական նվագախմբի արտաշատյան ներկայացումը մշակութային մեծ իրադարձություն է, սպասված ելույթ, որն բարձրացնում է հանդիսատեսի գեղագիտական ճաշակը, ամոքում ու պարգեւում հոգեկան ներդաշնակություն:
Նշենք, որ «Hollywood Non-Stop» նախագծի մեկնարկը տրվել է 2012թ. մարտի 15-ին։ 2012-ի ընթացքում այն ներկայացվել է Երեւանի 8 բարձրագույն ուսումնական հաստատություններում, որտեղ ավելի քան 6000 ուսանող ունկնդրել է ամերիկյան ֆիլմերի սաունդթրեքները։ Նախագիծը նվիրված է Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին։
«Hollywood Non-Stop» համերգային ծրագիրն առաջիկայում կներկայացվի նաեւ հանրապետության այլ քաղաքներում։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կշարունակի իր այցելությունները մարզեր՝ տարբեր համերգային ծրագրերով ներկայանելով մարզաբնակ հանրությանը։
Այսուհետ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի արժեքի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի´ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով եւ արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:




























