Ազգային ժողովի վեց խմբակցություններից 2-ը չեն ընդունել նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու հրավերը եւ չեն մասնակցել այդ հանդիպմանը: Իսկ հանդիպմանը մասնկացած խմբակցություններից հայտնեցին, որ ներկայացվել է քաղաքական մեծամասնության որոշումը վարչապետի վերանշանակման մասին, իրենք էլ ներկայացրել են այդ հարցի հետ կապված իրենց դիրքորոշումները:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ նախօրեին ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, որի ժամանակ տեղեկացվել է վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակման վերաբերյալ մեծամասնության որոշման մասին: Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է կառավարության եւ վարչապետի աշխատանքի մասին իրենց դիրքորոշումը, որը բազմիցս բարձրաձայնվել է եւ այն չի փոխվել: Նաիրա Զոհրաբյանը տեղյակ չէր զրույցի մանրամասներից, ուստի չկարողացավ այլ մանրամասներ հաղորդել, միեւնույն ժամանակ, շեշտեց, որ չի կարծում, թե այլ թեմայի վերաբերյալ քննարկում եղած լինի:
Իսկ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ նշեց, որ հանդիպման ժամանակ երկրի նախագահը ներկայացրել է վարչապետի վերանշանակումը, իրենք էլ ներկայացրել են իրենց մոտեցումները` կառավարության, վարչապետի հետագա աշխատանքի վերաբերյալ` կադրային փոփոխություններ, ռիսկային բարեփոխումների ճանապարհով երկրի 3 հիմնական խնդրի` արտագաղթի, գործազրկության եւ աղքատության լուծումը: Այլ հարցեր, նրա փոխանցմամբ, չեն քննարկել, քանի որ «այդ օրը չէր, որ նստեն հազար ու մի հարց քննարկեն»:
ՀՅԴ խմբակցությունից ոչ մի կերպ հնարավոր չեղավ պարզել, թե ինչ են քննարկել նախագահի հետ հանդիպմանը: Երեկ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ նախագահի հետ հանդիպմանը փոխանցել են իրենց ուղերձը, որ դեմ են վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի նշանակմանը, ինչպես նաեւ բացատրել են, թե ինչու են դեմ: «Փոխանցել եմ երկիրը այս վիճակից դուրս բերելու մեր մոտեցումները, որոնք մեր պատկերացմամբ լավագույն քայլերը կլինեն: Նախագահը այդ մոտեցումների մի մասն ընդունեց, մի մասը ՝չէ, մի մասն էլ՝ քննարկելու խնդիր դարձրեց: Մենք խնդիր չունենք՝ կարող ենք քննարկել»,- նշել է նա` կառավարության անդամների վերանշանակումները համարելով իրավիճակը ճիշտ չգնահատելու եւ ինքնագոհ պահվածքի հետեւանք:
Նրա խոսքով՝ վարչապետի եւ մի շարք նախարարների վերանշանակումը «արդեն բավարար է՝ ասելու, որ նույն կուրսը, ուղեգիծը կշարունակվի, որը անընդունելի է: Այս ամեն ինչի հետեւանք՝ արտագաղթը, աղքատությունը եւ բոլոր այն մարտահրավերները, որոնք Սերժ Սարգսյանը նշեց իր ելույթում, այս կառավարությունը ունակ չէ վերացնելու: Որովհետեւ եթե վերացներ՝ մինչեւ հիմա կվերացներ կամ կմեղմեր այդ խնդիրը: Որեւէ լավ բան ակնկալել հնարավոր չէ նրանցից, որոնք չեն էլ գնահատում, որ այդ խնդիրներն իրենց պատճառով են եղել: Պարոն Սարգսյանն իր ելույթում հայտարարում էր, որ ընդդիմախոսների ուղերձը տեղ է հասել, բայց ես արդյունքը չեմ տեսնում: Ուղերձը տեղ հասած լիներ, առաջին հերթին կփոխվեին նրանք, որոնք այդ բացասական երեւույթների համար պատասխանատու են: Բայց կա նաեւ մի վտանգավոր ձեւակերպում, որ արեց նախագահը՝ մարդիկ դժգոհում են ոչ թե անձանցից, այլ խնդիրներից: Բայց այդ խնդիրները, լուծողներն են մեղավոր: Նրանց բերում, դնում են այդտեղ, որ խնդիրները լուծվեն: Այլ ոչ թե խնդիրները եթե կան, ուրեմն ոչ մեկ դրա համար պատասխանատու չէ»,- ասել է նա:
Հայ ազգային կոնգրեսը համատեղ որոշման արդյունքում չի գնացել նախագահի հետ հանդիպման: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ պատճառը հստակ է, իրենք ի սկզբանե չեն ընդունել ընտրությունների արդյունքները եւ հայտարարել են, որ գործող նախագահը լեգիտիմ չէ, ժողովրդի կամքը ոտնահարվել է, լցոնումների եւ սեփական նախաձեռնության արդյունքում ԿԸՀ-ում գրանցվել են թվեր, որը չի ներկայացնում ընտրությունների իրական պատկերը:
«Անիմաստ ենք համարում վարչապետի թեկնածուի քննարկումը, դրանով պետք է լեգիտիմացնեինք այս իշխանության ընտրությունը: Մենք վստահ ենք, որ նման վարչապետը Հայաստան դեպի կործանում է տանում, մի փորձանք է չընտրված նախագահը, մեկ ավելի մեծ փորձանք է, երբ վարչապետը ծառայում է կլանին եւ բացարձակ մտահոգ չէ երկրի, տնտեսության զարգացմամբ, ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմամբ, եւ ընդհանրապես ձախողված վարչապետը այսօր իրավունք չուներ նորից վերանշանակվելու եւ ժողովրդին հուսահատության գիրկը նետելու: Սրանով Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ թքած ունեմ ձեր բոլորի կարծիքին եւ չեմ ընդունում, որ անցած հինգ տարիների մեր գործունեությունը ձախողված է, ժողովուրդը վատ է ապրում, կա արտագաղթ եւ այլն: Չկա ժողովրդի, պետության շահերը ներկայացնող իշխանություն, ում հետ կարելի է որոշ չափով հույս ունենալ»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը:
Հանդիպմանը չմասնակցած «Ժառանգություն» խմբակցության դեկավար Ռուբեն Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքը նախագահի աշխատակազմի կողմից հրավեր չի ստացել, այդ հրավերը ստացել է Գալուստ Սահակյանի կողմից, ինչը մերժվել է: «Եթե նախագահի կողմից ստանայի հրավեր, կորոշեի` ինչպես վարվել, գուցեւ հանդիպեի, որպեսզի փոխանցեի, որ այս համակարգը, որը կեղծում է ընտրությունները, որը թույլ չի տալիս, որ ժողովրդի քվեով ձեւավորվի իշխանությունը, համակարգը, որն ամբողջությամբ սպառել է իրեն եւ չի գործում սահմանադրության շրջանակներում, անկախ նրանից, թե ով կնշանակվի վարչապետ, անկախ այդ անձի պրոֆեսիոնալիզմից, մտավոր եւ մարդկային որակներից, ոչինչ չի փոխվելու»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:




























