Լեռնային Ղարաբաղի գլխավոր դատախազությունը բացել է իր վեբ կայքը. www.genprocnkr.am։
Ինչպես NEWS.am-ին հաղորդում է «Նովոստի Արմենիի» թղթակիցը, ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Գարամյանը վստահեցրել է, որ այսօրվանից դատախազության մարմինների գործունեությունը կլինի ավելի թափանցիկ ու հասարակական։
«Օրինականության հաստատման հավաստի տեղեկությունների, կարգ ու կանոնի ապահովման, հանցագործությունների դեմ անցկացվող պայքարի, ինչպես նաեւ օրենսդրական դաշտի փոփոխությունների, ենթաօրենսդրական ակտերի լրացման, վիճակագրական տվյալների մասին հասարակությունը կտեղեկանա վեբ կայքի միջոցով»,- նշվում է ԼՂՀ գլխավոր դատախազության վեբ-կայքում։
Կայքը համալրված է գերատեսչության կառուցվածքի, ղեկավարության, դատախազության գործունեության հիմնական ուղղությունների, ԼՂՀ օրենսդրության եւ լուրերի բաժիններով։ Էլեկտրոնային էջում հատուկ տեղ է հատկացված կոռուպցիայի դեմ պայքարին։
Ներկայումս գործում է միայն հայկական տարբերակը, անգլերեն ու ռուսերեն տարբերակները մշակվում են։



















