Գերմանական Lufthansa ավիաընկերության օդաչուները որոշել են դադարեցնել գործադուլը եւ վերսկսել բանակցությունները ավիափոխադրողի ղեկավարության հետ։ Այս մասին ասվում է նրանց համատեղ հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ գործադուլը կդադարեցվի փետրվարի 23-ին։ Օդաչուները խոստացել են, որ մինչեւ մարտի 9-ը արմատական գործողությունների չեն դիմի։
Քառօրյա գործադուլի մասին օդաչուները հայտարարել էին փետրվարի 22-ին։ Բողոքի ակցիայի պատճառը օդաչուների աշխատանքային պայմաններն են եղել։ Գործադուլի մասնակիցները հիմականում պահանջել են բարձրացնել աշխատանքի անվտանգությունը, եւ գերմանացի ու օտարերկրացի օդաչուներին աշխատանքի ընդունելիս կիրառել հավասար պայմաններ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Lufthansa-ի գործադուլի պատճառով չեղյալ են հայտարարվել 800 չվերթներ։ Նշանակված վայր չեն հասել ավիաընկերության շուրջ 10 հազար ուղեւորներ։




























