Ռուսաստանի անվտանգությունը սպառնալիքի տակ է, սակայն սպառնալիքը ՆԱՏՕ-ի կողմից չէ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ում։

Քլինթոնի հավաստմամբ, Մոսկվան չպետք է անհանգստանա ՆԱՏՕ-ի ընդլայնումից, քանի որ Եվրոպայում հակահրթիռային համակարգեր տեղադրելու Միացյալ Նահանգների ծրագրերը ուղղված չեն Ռուսաստանի դեմ։

«Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը կանգնած են ընդհանուր սպառնալիքների առջեւ։ Մեր խնդիրը Ռուսաստանին համոզելն է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումն իր համար սպառնալիք չէ»,-նշել է Քլինթոնը։

Պետքարտուղարը ընդունել է ՆԱՏՕ-ի հետ համատեղ հակահրթիռային համակարգեր ստեղծելու, ինչպես նաեւ Եվրասիա մայրցամաքում անվտանգության նոր կարգ ձեւավորելու Դմիտրի Մեդվեդեւի առաջարկները։

Քլինթոնը նշել է, որ այդ առաջարկություններում կան կառուցողական մոտեցումներ, որի հետ ԱՄՆ համաձայն է եւ պատրաստ է քննարկել։ Սակայն, նրա խոսքերով, ԱՄՆ նոր պայմանագրերի անհրաժեշտություն չի տեսնում եւ կարծում է, որ բանակցությունները պետք է տարվեն գոյություն ունեցող ինստիտուտների՝ ԵԱՀԿ-ի, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում։ Ռուսաստանի հետ ավելի բաց բանակցությունների համար ԱՄՆ-ը կօգտագործի Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Քլինթոնը, պատասխանելով հարցին, թե պատկերացնո՞ւմ է արդյոք Ռուսաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին, պատասխանել է. «Ես պատկերացնում եմ, սակայն վստահ չեմ, որ Ռուսաստանը կհամաձայնվի»։