Գործարար, ներկայումս քր.օր-ի 133 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերով մեղադրվող Սարիբեկ Սուքիասյանի՝ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր, դեմ հարուցված քր.գործում չկա մի փաստաթուղթ, որը կազմված չլինի օրենքի խախտումներով: Այսօր՝ փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել են Սուքիասյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը:
Լուսինե Սահակյանը ներկայացրեց նաեւ եղելությունը: Ըստ պաշտպանների՝ Սուքիասյանների ընտանիքը «Բջնիի» դեմ ծավալված արշավից հետո գնել է «Բյուրեղ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 80 տոկոսից ավելին, մեծ ներդրումներ է կատարել գործարանում՝ «ՍԻԼ» հանքային ջուր արտադրելու համար: Գյուղնախարարությունը, որ փոքր բաժնեմաս է ունեցել այդ ՓԲԸ-ում, հայց է ներկայացրել դատարան, եւ վաճառքը չեղյալ է հայտարարվել՝ օրենքի բազմաթիվ խախտումներով, իսկ բաժնետոմսերը վերադարձվել են Գոռ Դավթյանին եւ Ռոբերտ Հարությունյանին: Վերջիններս պատրաստակամություն են հայտնել բաժնետոմսերը կրկին վաճառել Սարիբեկ Սուքիասյանին եւ այդ մասին համապատասխան փատաթուղթ է ստորագրվում:
Լուսինե Սահակյանի փոխանցմամբ՝ տարօրինակն այն է, որ շատ փոքր մաս ունեցող բաժնետերերից մեկն իր բաժինը վաճառում է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին: Դրանից հետո իսկական որս է սկսվում Գոռ Դավթյանի նկատմամբ, եւ Ռուբեն Հայրապետյանը՝ ուժային կառույցների ու դատախազության միջոցով Դավթյանին սպառնում է, որպիսի նա եւս սեփական 41 տոկոս բաժնեմասը վաճառի իրեն:
Փետրվարի 12-ին Գոռ Դավթյանն իր կամքով գալիս է Սարիբեկ Սուքիասյանի մոտ, տեղեկացնում կատարվածի մասին եւ իրավական օգնություն խնդրում: Այդ ժամանակ էլ մոտ 80 ոստիկաններ հարձակվում են «ՍԻԼ» կոնցեռնի գրասենյակի վրա եւ բերման ենթարկում Սարիբեկ Սուքիասյանին, Արտաշես Ստեփանյանին, Գոռ Դավթյանին եւ այլոց:
Անդրադառնալով ոստիկանության հաղորդագրությանը, թե Դավթյանի նկատմամբ «ՍԻԼ»-ում ճնշումներ են կատարվել, պաշտպան Լուսինե Սահակյանը ասաց. «Մենք ունենք տեսագրություններ սկզբից մինչեւ վերջ, որոնք հերքում են ոստիկանության հայտարարությունները»: Պաշտպանները նաեւ հրապարակեցին մի քանի լուսանկարներ, որտեղ պարզորոշ երեւում է, թե ինչպես է Գոռ Դավթյանը հանգիստ դուրս գալիս գրասենյակից, եւ գրասենյակի բակից էլ բերման ենթարկվում ոստիկանության բաժին:
Լուսանկարներով հերքվում էր նաեւ ոստիկանության՝ Սուքիասյանին բերման ենթարկելու ժամի մասին հայտարարությունը: Ըստ հաղորդագրության՝ Սուքիասյանը բերման է ենթարկվել ժամը 18.15-ին, մինչդեռ լուսանկարներից ակնհայտ էր, որ նրան բերման են ենթարկել ժամը 16.17-ին:
Պաշտպանը ներկայացրեց նաեւ այլ ապօրինություններ, որ կատարել են իրավապահները, անգամ այնպիսիք, որոնց համար քրեական պատասխանատվություն է հասնում:
Հիշեցնենք, որ Սարիբեկ Սուքիասյանին եւ Արտաշ Ստեփանյանին ձերբակալել են փետրվարի 12-ին՝ մեղադրելով մահվան սպառնալիքի տակ անձից ստորագրություն կորզելու մեջ: Հատուկ ջոկատայինները ներխուժել էին «ՍԻԼ կոնցեռն» եւ կոտրելով դռները, բերման ենթարկել Սուքիասյանին: Փետրվարի 15-ին Սուքիասյանին եւ Ստեփանյանին ազատ էին արձակել, իսկ 19-ին անձի առեւանգման մեղադրանք էին ներկայացրել:
Նշենք, որ Խաչատուր Սուքիասյանը եւ նրա ընտանիքը 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ բացահայտ աջակցեցին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչից հետո նրանց նկատմամբ հետապնդումներ սկսվեցին:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




























