Ֆրանսիայի երիտասարդ հայերը ամեն տարվա նման, ապրիլի 23-ի երեկոյան, 1915թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ոգեկոչման արարողություն են կազմակերպում, որը մեկնարկելու է Փարիզի Փանթեոնի հրապարակում:

Ինչպես հայտնում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը, ոգեկոչման արարողությանը մասնակիցները կկարողանան հայերի Ցեղասպանության մասին տեղեկություններ իմանալ, նաեւ ելույթ կունենան բազմաթիվ արվեստագետներ:

Կենդանի համերգները, արվեստակեգների ելույթները եւ համատեղ միջոցառումներն անվճար առաջարկվելու են անցորդներին: Արարողության ընթացքում ներկա են գտնվելու նաեւ «SOS Racisme», «Ֆրանսիայի հրեա երիտասարների միություն»,  «Ibuka France», «Collectif Urgence Darfour» կազմակերպությունների ներկայացուցիչները, որպեսզի հանդես գան Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով  եւ քննադատեն մարդկության դեմ իրագործած բոլոր ոճրագործությունները:

Ապրիլի 23-ի արարողության ընթացքում հարգանքի տուրք կմատուցվի 1915թ-ի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կդատապարտվի թուրքական պետության ժխտողական քաղաքականությունը եւ  փոխհատուցման միջոցով արդարությունը վերականգնելու կոչ կարվի: