Լատվիայի պետեկամուտների ծառայության սերվերից 7,4 միլիոն փաստաթղթերի կողոպուտը կապված է հոկտեմբերին երկրում նախանշված խորհրդարանական ընտրությունների հետ: Այդ մասին հայտարարել է Լատվիայի Սեյմի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կլեմենտեւը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով, հաքերային այդ հարձակումը՝ մեծ քաղաքական խաղ է: «Կարծում եմ, որ հաքերները խաղում են երկրում քաղաքական իրավիճակի սրացման վրա: Եւ ակնհայտ է, թե ով է նրանց ետեւում կանգնած»,- հայտարարել է Կլեմենտեւը:

Հիշեցնենք, որ 120 ԳԲ տեղեկության արտահոսքը, որը դարձել է ամենախոշորը Լատվիայի պատմության մեջ, տեղի է ունեցել հարկային ծառայության ելեկտրոնային հայտարարագրման համակարգում: Միջադեպի մասին տեղեկությունը հայտնի է դարձել կիրակի՝ փետրվարի 14-ին:

Արտահոսքի արդյունքում անհայտ անձնաց ձեռքում են հայտնվել Լատվիայի պաշտոնատար բարձրագույն անձանց, առեւտրային ընկերությունների եւ ֆիզիկական անձանց, նաեւ Լատվիայի նախագահի գրասենյակի եւ այլ պետկառույցների աշխատակիցների մասին գաղտնի տեղեկություններ:

Չորեքշաբթի լատվիական լրագրողների հետ ինտերնետային կապի մեջ է մտել Նեո անունով հաքերը, որը հայտնել է, թե ինքն է գողացել տվյալները: Նա հայտնել է, որ Լատվիայի բարեկեցության համար պայքարող «Չորրորդ Ատմոդայի ժողովրդական բանակ» կազմակերպության ներկայացուցիչ է: Տվյալների մի մասը Նեոն հրապարակել է ինտերնետում: