Հայաստանի գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն, այսօր՝ ապրիլի 23-ին, ընդունել է ԱՄՆ  Փենսիլվանիա նահանգից  սենատոր Մայք Բրուբեյքերին: Այցը ճանաչողական էր, եւ հյուրի խնդրանքով ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը  համառոտակի անդրադարձել է Հայաստանի գյուղատնտեսության ձեռքբերումներին` անկախությունից ի վեր, շնորհակալությամբ շեշտելով  ԱՄՆ-ի կառավարության այն մեծ աջակցությունը Հայաստանի գյուղատնտեսությանը, որի շնորհիվ ոլորտի մի շարք ճյուղեր արդիականացվելով կարողացան  ապահովել բարձրորակ արտադրանք, աստիճանաբար ավելացնել արտահանման ծավալները եւ մտնել դրսի շուկա:

Սերգո Կարապետյանը խոսել է առանձնապես վերջին երկու տարիներին գյուղատնտեսությունում նկատվող կայունության միտումների մասին, որոնք  առաջին հերթին հնարավոր են դարձել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող լայնամասշտաբ աջակցության ծրագրերի իրականացման շնորհիվ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, սենատոր Մայք Բրուբեյքերն իր հերթին ներկայացրել է  Փենսիլվանիա նահանգի գյուղատնտեսության նկարագիրը, նշելով, որ այն ԱՄՆ-ի ամենազարգացած գյուղատնտեսություն ունեցող նահանգներից է եւ  հարուստ ավանդներ ու արտադրության վարման մեծ փորձ ունի:

Այս կապակցությամբ  նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն առաջարկե; է հնարավորինս օժանդակել ամերիկյան գործարարներին Հայաստանի գյուղատնտեսության մեջ ներդրումներ կատարելու գործում:

Սենատոր Մայք Բրուբեյքերը պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի աջակցել նշված խնդրի իրականացմանը: