Ապրիլի 22-ին Քարդիֆում կայացել է տեղի Հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հուշ-միջոցառում: Այն տեղի էր ունենում Քարդիֆի Խաղաղության Տաճարում եւ առաջինն էր՝ Ուելսի եկեղեցու կողմից ապրիլի 24-ը որպես Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելուց ի վեր։ Միջոցառմանը մասնակցել են եւ ելույթ ունեցել Ուելսի եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Բերրի Մորգանը, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը եւ հայ ժողովրդի մեծ բարեկամ, Քարմարթենի քաղաքի Քրայսթ Չըրչ եկեղեցու հովիվ Պատրիկ Թոմասը։ Միջոցառմանը ներկա էին նաեւ ՄԹ եւ Իռլանդիայի հայ համայնքի ներկայացուցիչներ եւ այլ հյուրեր։
Հուշ-երեկոյի ավարտին մասնակիցները ծաղկեպսակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Քարդիֆում կանգնեցված խաչքարի մոտ։
Նույն օրը, Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում է կայացել նաեւ Կահիրեում: Տեղի «Շամպոլիոն» ռոթարի ակումբի կազմակերպած միջոցառման գլխավոր բանախոսը եղել է Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը: Վերջինս խոսել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման անհրաժեշտության մասին: Ելույթից հետո դեսպան Մելքոնյանը պատասխանել է ակումբի անդամների եւ հյուրերի հարցերին։
Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Հայաստանի մասին պատմող փաստագրական ֆիլմ։




























