Ապրիլի 17-21-ին Մոսկվայում անցկացվել է դետեկտիվ ֆիլմերի եւ իրավապահ մարմինների գործունեությանը նվիրված հեռուստահաղորդումների «Դետեկտիվեֆեստ» միջազգային փառատոնը։ Հեղինակավոր փառատոնի աշխատանքներին մասնակցել է նաեւ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը։

Իրավապահ մարմինների գործունեության թեմաներով կինո եւ հեռուստափառատոն ունենալու գաղափարը կազմակերպիչների մոտ ծնվել է 1998 թվականին։ 15 տարիների ընթացքում փառատոնը ընդլայնել է իր շրջանակները։ Փառատոնի հիմնական նպատակը դետեկտիվ կինոյի եւ քրեական թեմաներով հաղորդաշարերի միջոցով իրավապահ մարմինների աշխատանքի եւ իրավապահի կերպարի հանդեպ հասարակական վստահության ու հարգանքի մթնոլորտի ձեւավորումն է, այն գիտակցության ամրապնդումը, որ իրավապահներն են հասարակության     պաշտպանն ու հասարակական  անդորրի երաշխավորը։

15-րդ հոբելյանական փառատոնի բացման արարողության ժամանակ փառատոնի նախագահ Յուրի Միտյուշինը ողջունել է հյուրերին եւ խոստացավ, որ թե կազմակերպիչները եւ թե ժյուրիի անդամները կլինեն անաչառ եւ արդարամիտ։

Հոբելյանի կապակցությամբ փառատոնի կազմակերպիչներին եւ մասնակիցներին ողջույնի խոսք էր հղել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։ Այն ընթերցել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Բացման պաշտոնական ավարտին հաջորդել են փառատոնի աշխատանքները։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության «02» հաղորդաշարը ներկայացված էր «Հանցագործություն եւ պատիժ» անվանակարգում։ Ի դեպ, այս անվանակարգն ամենաընդգրկունն էր մասնակիցների թվով եւ աշխարհագրությամբ։ Մեր մրցակիցների թվում էին ոչ միայն Ռուսաստանի, այլեւ՝ Իսրայելի, Իտալիայի, Բուլղարիայի, Ավստրալիայի, Քենիայի եւ այլ երկրների հեռուստաընկերություններ։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը փառատոնին ուղարկել էր արդեն իսկ եթեր հեռարձակված «02» հաղորդաշարերից մեկը։

Հնգօրյա աշխատանքներն ամփոփվել են Ռուսաստանի Զինված ուժերի մշակույթի տան դահլիճում։

Փառատոնի նախագահ Յուրի Միտյուշինը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին՝ հոբելյանական 15-րդ փառատոնին ամենայն պատրաստականությամբ մոտենալու համար, այնուհետեւ հնչել են մրցանակակիրների անունները։

«02»-ի ստեղծագործական խումբն իր աշխատանքը ներկայացրել էր «Հանցագործություն եւ պատիժ» խորագրի ներքո եւ այդ անվանակարգում էլ հաղթանակ է տոնել՝ արժանանալով փառատոնի «ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ»-ին:

Սա ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության հերթական եւ կարեւորագույն ձեռքբերումներից էր: