«Թեեւ որեւէ արգելք չկա երկկողմ միջազգային պայմանագրերում վերապահումներ անելու առումով, բայց ավանդույթ է ձեւավորվել, որ նման բան չեն անում»,- փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
Հարցին, թե այսինքն հնարավոր համարում եք, որ ինչ-որ պահի, Հայաստանը որոշի հայ-թուրքական արձանագրությունները վավերացնել վերապահումներով, նա պատասխանեց. «Եթե հանկարծ միջազգային երկկողմ պայմանագրի հակառակ կողմը կատարեց վերապահում, դա հնարավորություն է ընձեռում մեզ ադրադառնալ այդ վերապահմանը, համարելով, որ պայմանագիրը մեզ համար ուժի մեջ չէ: Այլ խոսքով, վերապահում անելը նշանակում է հրաժարվել պայմանագրի այս տեքստից կամ նոր բանակցությունների մեջ մտնել»,- նշեց նա ու հավելեց. «Այնպես որ ես չեմ կարծում, որ վերապահումները դա ճիշտ ճանապարհ է: Ավելի ազնիվ ճանապարհ է հրաժարվել վավերացումից, քան անել վերապահումներ երկկողմանի պայմանագրերում»:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն առաջարկում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները վավերացնել վերապահումներով:
Ինչ վերաբերում է այդ արձանագրությունների վերաբերյալ ՍԴ որոշմանը, որտեղ նա այդ արձանագրությունները համարել է Սահմանադրությանը համապատասխանող, Դ. Հարությունյանն ասաց. «ՍԴ-ն որեւէ վերապահում չի արել, միայն ներկայացրել է, թե ինչպես է տեսնում տեքստը, տվել է մեկնաբանություն, որպեսզի որեւէ մեկը չփորձի շեղվել դրանից: ՍԴ-ն, դրանով ի սկզբանե, սահմանափակում է արձանագրություններն այլասերելու փորձերը»:




























