Հայաստանը պետք է ԱՄՆ-ում ուժեղացնի իր լոբբին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը՝ Ցեղասպանության հուշահամալիրում ծաղիկներ դնելուց հետո:
«Հայաստանը պետք է վճռական քայլեր ձեռնարկի եւ ուժեղացնի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված լոբբինգը, մասնավորապես, ԱՄՆ-ում»,-ընդգծել է պատգամավորը: Նրա խոսքով՝ այսօր Թուրքիան շատ բանից է վախենում: «Պետք է հասկանալ, որ քաղաքական իրավիճակը Թուրքիայում միանշանակ չէ: Այնտեղ բավական բարդ ներքաղաքական իրավիճակ է ստեղծվել եւ չարժե Թուրքիայից վճռական քայլեր սպասել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Հնարավոր է, մի քանի տասնյակ տարիներ անց Թուրքիան իր մեջ ուժ կգտնի ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-ասել է ՕԵԿ-ական պատգամավորը:
Ցեղասպանության փաստը ճանաչել են մի շարք պետություններ: Այն առաջինը ճանաչել է Ուրուգվայը` 1965թ-ին, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային միությունը:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























