Ընդդիմության միասնական թեկնածու Ալմազ Ատամբաեւը հավաքել է ընտրողների ավելի քան 60 տոկոս ձայները: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ղրղզստանի սոցիալ դեմոկրատական կուսակցության նախագահի տեղակալ Բաքիթ Բեշիմովը՝ հղում անելով ընդդիմադիր թեկնածուի շտաբի ունեցած տվյալների վրա: Նրա մասնակցությամբ մամուլի ասուլիսը կայացել է այսօր առավոտյան Բիշքեկում: Բեշիմովի խոսքով, ընտրողների մասնակցությունը ողջ երկրում կազմել է մոտ 50 տոկոս, իսկ գործող նախագահ Քուրմանբեկ Բաքիեւը հավաքել է ընդամենը 25,1 տոկոս ձայն:

Շրջանների կտրվածքով, Նարինի շրջանում Ատամբաեւի օգտին քվեարկել է ընտրողների ավելի քան 80,1 տոկոսը, Իսկ-Կուլի շրջանում` 70,6 տոկոսը, Ջալալաբադի շրջանում` 35,3 տոկոսը, Օշի շրջանում` 47,1 տոկոսը, Թալասի շրջանում` 75,4 տոկոսը, Բաթքենի շրջանում` 35,1 տոկոսը, Չուի շրջանում` 75,2 տոկոսը եւ մայրաքաղաք Բիշքեկում` 51,3 տոկոսը:

Բիշմեթը կասկածի տակ է առել երկրի ԱԳՆ-ի տվյալները արտասահմանում քվեարկած ղրղզների քանակի հետ կապված: Ըստ ԱԳՆ-ի, արտասահմանում քվեարկողների թիվը կազմել է 190 758 ընտրողների 81,9 տոկոսը, սակայն շտաբի տվյալներով, արտասահմանում գտնվող Ղրղզստանի քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 25 տոկոսից ոչ ավելին: Նա նաեւ հավելել է, որ համաձայն է ԵԱՀԿ դիտորդների գնահատականին, որ ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին:

Հիշեցնենք, որ ԿԸՀ տվյալներով, մշակվել են քվեաթերթիկների 88,33 տոկոսը, որոնց արդյունքում Քուրմանբեկ Բաքիեւի օգտին քվեարկել են 83,8 տոկոսը, իսկ ընդդիմադիր թեկնածու Ալամազբեկ Ատամբաեւի օգտին` 7,92 տոկոսը: