«Վաղարշ եւ որդիներ» ընկերությանը պատկանող ոսկու շուկայի աշխատակիցները Կառավարության շենքի առջեւ շարունակում են հարկային քաղաքականության դեմ ուղղված ցույցը, ինչը հարուցել է տնօրեն Վաղարշ Աբրահամյանի զայրույթը: Վերջինս առավոտյան աշխատակիցներին, մասնավորապես՝ գործադուլին մասնակցող ակտիվիստներին, հրահանգել է «փռել ապրանքը եւ աշխատել», հակառակ դեպքում սպառնացել է ընդմիշտ շուկայից հեռացնել: Սակայն աշխատակիցները գերադասել են ցույցը, քան ամենօրյա հարկային ստուգումների ու օրենսդրական փոփոխությունների պայմաններում աշխատելը: Ի դեպ, այսօր նրանք նամակ են հանձնել Ազգային ժողով, նախագահի նստավայր եւ կառավարություն՝ պահանջելով վերանայել հարկային քաղաքականությունը: Աշխատակիցներից մեկը NEWS.am-ի թղթակցին փոխանցել է, որ շուկայի տնօրինությունը ցույցի ակտիվիստներին արդեն օրվա երկրորդ կեսին հրահանգել է այլեւս չմտնել շուկա: Նշենք, որ աշխատակիցներից ոչ ոք չի մտնելու շուկա, մինչեւ հաշվի չնստեն իրենց ներկայացրած պահանջների հետ: Նախագահականից ու Աժ-ից էլ խոստացել են ցուցարարներին պատասխանել երկու օր անց, իսկ մինչ պատասխանը շարունակվելու է գործադուլը:
Հիշեցնենք, որ ոսկու շուկայի աշխատակիցները պահանջում են աշխատել հաստատագրված վճարներով, ինչպես նախկինում: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում հունվարի 1-ից նրանք հաստատագրված գումարների փոխարեն վճարելու են ամսական եկամտի 2 տոկոսը, իսկ հաշիվ-ապրանքագիր չներկայացնելու դեպքում 2 տոկոսից բացի՝ ամբողջ տարվա եկամտի 11 տոկոսն են վճարելու:



















