Հյուսիսային Իրաքի Քանդիլի շրջանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը հայտարարել է, թե մայիսի 8-ից քուրդ զինյալները սկսելու են լքել Թուրքիայի տարածքը։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ PKK-ի առաջնորդներից, KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) խորհրդի նախագահ Մուրադ Քարայլըանը տարբեր երկրներից ժամանած մոտ 100 լրագրողի ներկայությամբ կազմակերպված մամուլի ասուլիսում պատմական հայտարարություն է արել՝ նշելով, որ մայիսի 8-ից Թուրքիայի տարածքում գտնվող PKK-ի զինյալները սկսելու են երկիրը լքելու գործընթացը։

Մուրադ Քարայըլանը, ներկաներին հիշեցրել է, որ PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը թուրքական պետության հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է, որ ժամանակն է խաղաղության եւ զենքերը վայր դնելու։  Քարայըլանը նշել է, որ Թուրքիան լքելու գործընթացը անխափան լինելու համար պետք է իրականացնել 6 կետից կազմված քայլեր՝ զինյալների անվտանգ հեռացումն ապահովելու համար։ Նա զինյալների հետ քաշվելը բացատրել է նրանով, որ երկարատեւ ու դժվարին զինված պայքարի արդյունքում քրդերը ձեռք են բերել ինքնության ճանաչում եւ ժամանակն է քաղաքական մեթոդներով խնդրի լուծումը շարունակել։

Նշենք, որ մարտի 21-ին, Դիարբեքիրում Նովրուզի տոնակատարության ժամանակ կարդացվել էր Իմրալը կղզու բանտում ցմահ ազատազրկման դատապարտված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը։

Օջալանի ուղերձում PKK-ին կոչ էր արվել վայր դնել զենքերը, քանի որ եկել է խաղաղության ժամանակաշրջանը։