Հնդկաստանում ԱՄՆ դեսպան Սերջիո Գորը կարող է փոխարինել Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում, պնդում է The Washington Sun պորտալը՝ վկայակոչելով Սպիտակ տան վարչակազմում իր աղբյուրներին։
«Վարչակազմի ներսում ընթացող քննարկումներին ծանոթ աղբյուրների խոսքով՝ Գորի անունը հիշատակվում է մի շարք առանցքային պաշտոնների համատեքստում, մասնավորապես՝ որպես Սպիտակ տան աշխատակազմի հնարավոր ղեկավար կամ պետքարտուղարի պաշտոնում Մարկո Ռուբիոյի իրավահաջորդ», — ասվում է հոդվածում։
Ինչպես պնդում է պարբերականը, ներկայում Սպիտակ տանը Գորի թեկնածությունը քննարկում են վարչական բարձր պաշտոնների համար, որոնք կարող են թափուր դառնալ Թրամփի նախագահական ժամկետի երկրորդ կեսին։
«Նա ձգտում է ավելի նկատելի, հանրային դերի», — հոդվածում մեջբերվում են ամերիկացի պաշտոնյայի խոսքերը։
Սեպտեմբերին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվել էր ասել՝ արդյոք առաջադրվելու է 2028 թվականի նախագահական ընտրություններում, և հայտարարել էր, որ ամբողջությամբ կենտրոնացած է իր ներկայիս պարտականությունների կատարման վրա։
Իր նախագահական հեռանկարների մասին WABC ռադիոկայանի հաղորդավարի հարցը Ռուբիոն անվանել էր «հիանալի փորձ»։ Նա խոստովանել էր, որ տեղյակ է այդ թեմայով խոսակցություններին, սակայն կարծում է, որ դրանից ոչ մի լավ բան չի ստացվի։




























