Վերջնականապես համոզելով իր ընթերցողներին, որ հայ գրող եւ հասարակական գործիչ Զորի Բալայանն իր «Մեր ոգու վերածնունդը» մենագրության մեջ իբր պատմում է հայերի կողմից ադրբեջանցի գերիների հետ հաշվեհարդարի մասին (այսպիսի գիրք ընդհանրապես գոյություն չունի), փորփրելով ու «գտնելով» այդ հրաշք-գրքի հրատարակչին՝ «Վանաձոր» (Հայաստանում նման հրատարակչություն չկա), իրավիճակը սրելով լուրերով, թե հունգարահայերի «Հայաստան» ընկերությունը պահանջում է Երեւանում մահապատժի ենթարկել սպա Ռամիլ Սաֆարովին (հունգարական պետությունում նման կազմակերպություն չկա), համոզելով, թե Հայաստանը հայտնվել է աշխարհի քարտեզի վրա 1918թ. (առանց մեկնաբանությունների), Ադրբեջանն անցել է The New York Times ամերիկյան թերթի արխիվներին:

Այս տարվա մարտի 29-ին «Day.az» գործակալությունը հրապարակեց տեղեկատվական, իսկ ավելի ճիշտ, ապատեղեկատվական պատերազմի ադրբեջանական գեներալների վերջին գլուխգործոցը: Ադրբեջանական ինտերնետ-ռեսուրսում ներկայացված The New York Times-ի 1920թ.օգոստոսի 4-ի համարին վերաբերող հրապարակումն իբր պիտի համոզիչ կերպով ապացուցեր, որ Ղարաբաղն ու Զանգեզուրը առաջին հանրապետության տարիներին՝ 1918-20թթ. մտնում էին Ադրբեջանի կազմի մեջ:

«Հայտնաբերվել է այդ տարածքների՝ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությանը պատկանելու եւ դրա միջազգային ճանաչման եւս մեկ պատմական փաստ»,- գրում է «Day.az»-ն ու ներկայացնում New East Relief ամերիկյան հումանիտար կազմակերպության մամուլի հաղորդագրությունը, որ հրապարակվել է ամերիկյան օրաթերթում: Այսպես, ի՞նչ է իրականում հաղորդել New East Relief-ը: Այդ կազմակերպության ներկայացուցիչը գրում է, որ «հայերով բնակեցված Ղարաբաղն ու Զանգեզուրը չէին ղեկավարվում Հայաստանի Հանրապետության ղեկավարության կողմից, քանի որ կտրված էին հայկական հանրապետության մյուս մասերից՝ ճանապարհների եւ կոմունիկացիաների բացակայության պատճառով»: Ահա, եւ վերջ: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե այդ տեքստի որ հատվածն է պարունակում Ադրբեջանին պատկանելու «պատմական ապացույց», ինչպես գրում է «Day.az»-ը: Ճիշտն ասած, «Ադրբեջան» բառն ընդհանրապես չի գործածվում մամլո հաղորդագրության ողջ տեքստում:

Ինքնըստինքյան, 1918-20թթ. կոմունիկացիոն համակարգների անբավարար զարգացվածության պայմաններում լեռնային տարածքներն ավելի դժվար էին կառավարվում հայկական իշխանությունների կողմից, եւ այդ պատճառով ժամանակ առ ժամանակ այնտեղ էին ուղարկվում լայն լիազորություններով կոմիսարներ, որոնք կառավարում էին տեղում՝ Երեւանից որոշ ինքնավարություն ունենալով: Զանգեզուրի ղեկավարը Գարեգին Տեր-Հարությունյանը`Գարեգին Նժդեհն իշխանությունը պահեց մինչեւ 1921թ. հուլիս, մինչդեռ բուն Երեւանում արդեն կես տարուց ավելի խորհրդային իշխանություն էր: Ընդհանրապես, ժամանակագրական առումով Զանգեզուրը դարձավ Հարավային Կովկասի վերջին կետը, որտեղ խորհրդային կարգեր հաստատվեցին: Բոլշեւիկները չմոռացան Նժդեհի համառությունը, եւ 1943թ. ձերբակալելով Բուլղարիայում, նրան 25 տարվա ազատազրկման դատապարտեցին:

Այնուամենայնիվ վերադառնանք «The New York Times»-ի արխիվին: Թերթի բոլոր համարները սկսած առաջին թողարկումից (1856 թվականին սեպտեմբերի 18) սկանավորվել է ու մատչելի է թվային ֆորմատով ԱՄՆ կոնգրեսի ու մի շարք այլ գրադարանների սերվերներում: Մշակվել է որոնման ճկուն համակարգ, եւ հաշված վայրկյանների ընթացքում համակարգիչը կարող է գտնել նշված թեմայի վերաբերյալ թերթի բոլոր հոդվածները: Կարելի է պնդել, որ հենց «Karabakh» բառով էլեկտրոնային որոնումը իրականացնելով է ադրբեջանական կողմը գտել վերը նշված հոդվածը, քանի որ այլ կերպ արխիվում կողմնորոշվելը ծայրահեղ դժվար է:

Կոնգրեսի գրադարանում մի քանի օրում կարելի է պարզել ու ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ թերթում չկա ոչ մի հոդված, որտեղ Ղարաբաղը, Զանգեզուրը կամ Նախիջեւանը պատմական որեւէ ժամանակահատվածում հիշատակվեն որպես Ադրբեջանի մաս: Բնական է, որ եթե նման որեւէ փաստաթուղթ լիներ, գտնելու դեպքում Բաքուն անհապաղ կօգտագործեր դա քարոզչական նպատակներով:

Եվ ի՞նչ է գրում «The New York Times»-ը Ղարաբաղի մասին 1918-21 թվականներին: 1920 թվականի հուլիսի 26-ին «Բոլշեւիկներն առաջ են ընթանում, որպեսզի միանան թուրքերին» վերնագրով հոդվածում կարդում ենք. «Բոլշեւիկների զգալի ուժերը հատել են Հայաստանի Ղարաբաղի մարզը (overruning the Karabagh district of Armenia) թուրքական ազգայնականների հետ միավորվելու ակնհայտ մտադրությամբ»:

1918 թվականի մարտի 17-ին 19-րդ դարի ռուս-պարսկական եւ ռուս-թուրքական պատերազմների մասին հոդվածում կարդում ենք. «…Կարսի, Էրիվանի եւ Ղարաբաղի հայկական մարզերը միացվել են Ռուսաստանին»:

1919 թվականի հուլիսի 19-ին ԱՄՆ զինված ուժերի մայոր Ջոզեֆ Գրինը Թիֆլիսից զեկուցում է. «Թուրքերն ու թաթարները առաջ են շարժվում Ղարաբաղի եւ Ալագյազի ուղղություններով: Ռուսահայաստանի զգալի մասը օկուպացված է: Հայաստանի կառավարությունը ռազմական մոբիլիզացիա է հայտարարել»: 1921 թվականի մարտի 16-ին, Հայաստանում բոլշեւիկների դեմ ապստամբության ժամանակահատվածում New York Times-ը գրում է. "Հայաստանի վարչապետ Սիմոն Վրացյանն իր հեռագրում հայտնում է. «Բոլշեւիկները լիակատար պարտություն են կրել եւ ողջ երկիրը, Ղարաբաղից մինչեւ Ալագյազ, այսինքն ամբողջ տարածքը, որը չի ընկել թուրքական օկուպացիայի տակ, վերահսկվում է հայկական կառավարության կողմից»:

Օրինակները կարելի է շարունակել: Իհարկե, վերը նշված հրապարակումները չէին կարող աննկատ մնալ արխիվի հետ աշխատող ադրբեջանցի մասնագետի աչքից, սակայն մի կողմ թողնելով ամերիկյան թերթի բազմաթիվ հոդվածները հայկական Ղարաբաղի մասին, ադրբեջանական կողմը ընտրել ու շրջանառության մեջ է դրել մամուլի հաղորդագրությունը, որտեղ իբր «պատմականորեն ապացուցվում է Ղարաբաղի Ադրբեջանին պատկանելիությունը» (չնայած Ադրբեջանի մասին այդտեղ խոսք անգամ չկա): Սա այլ կերպ քան սեփական հասարակությանը դիտավորյալ ու նպատակաուղղված խաբեություն չես անվանի:

Նշենք նաեւ, որ Ադրբեջանի վերաբերյալ հոդվածների որոնումը բավական ուշագրավ արդյունքների է հանգեցնում: Մինչեւ 1918թ. ամերիկյան հեղինակավոր պարբերականում «Ադրբեջան» տեղանունը, որ կբնորոշեր ներկայիս Ադրբեջանական հանրապետության աշխարհագրական դիրքը, չի օգտագործվել: Մինչեւ 1918թ. Ադրբեջան անվան տակ ընկալվում էր Պարսկաստանի հյուսիսային մասը, բայց ոչ երբեք Ապշերոնը, առաբել եւս Ղարաբաղը: Թերթը գրում է կովկասյան թաթարների, կամ ավելի ընդհանրական, «մուսուլմանների» կամ մահմեդականների մասին:

Բայց այդ մասին «Day.az»-ը, բնականաբար, լռել է:

Հայկարամ Նահապետյան

Հղումների ցանկ.

1. http://www.azeriunited.com/content/blogcategory/21/52/lang,english/

2. «Էխո» 17.02.2005 ""Հայաստան" կազմակերպությունը պահանջում է մահապատժի ենթարկել Ռամիլ Սաֆարովին Երեւանում"

3. «Bolsheviki marching to join the Turks», «New York Times», July 26, 1920.

4. «New situation in Turkey», 17.03.1918, «New York Times»

5. «Turkish army moves to destroy the Armenians», 31.07.1919, «New York Times»

6. «Greeks said to plan new drive on Turks», by Edwin James, «New York Times». 16.03.1921.