Իսպանիայում ձերբակալել են Նիդեռլանդների քաղաքացու, որին կասկածում են 2013թ. մարտին պատմության մեջ ամենախոշոր կիբերհարձակման կազմակերպման մեջ։ Դատախազության ներկայացուցիչները նրա անունը չեն հրապարակում՝ նշելով միայն անվան առաջին տառերը ՝ Ս.Կ. (S.K.) եւ տարիքը՝ 35 տարեկան։

Նիդեռլանդների քաղաքացին բնակվում էր Բարսելոնայում։ Խուզարկության ընթացքում ոստիկանները համակարգիչներ եւ բջջային հեռախոսներ են առգրավել։

Քննչական գործողություններից հետո կասկածյալին ձերբակալել են։ Դատավարությունը կանցկկացվի Նիդեռլանդներում, նրան արտահանձնելուց հետո, հայտնում է rbc-ն։

Մարտի կեսերին հաքերները կիրառել էին լայն տարածում գտած DdoS հարձակումների մեթոդը, ինչի արդյունքում համացանցային էջերն արգելափակողները խոցելի էին դարձել։ Հարձակման զոհ էին դարձել ամբողջ աշխարհի միլիոնավոր համակարգիչներ ու սերվերներ։ Հիմնական թիրախն էր Spamhaus կազմակերպությունը, որն անցանկալի բովանդակությամբ նյութերի եւ սփամի տարածման հակազդեցությամբ էր զբաղվում։

Մասնագետները հաքերների գործողությունները «դարի հարձակում» էին անվանել։

Հանցագործության բացահայման գործում ներգրավվել էին հինգ երկրների կիբերոստիկաններ։ Միացել էին նաեւ ցանցային խոշոր խաղացողները, այդ թվում՝ Google-ը։