Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Ճապոնիայի մայրաքաղաքի կենտրոնում հայտնվել է ոչ մեծ պատահարի մեջ։ Պատահարին մասնակից են եղել հինգ ավտոմեքենա, այդ թվում նաեւ կառավարության ղեկավարի ու նրա թիկնազորի տրանսպորտային միջոցները։
Ինչպես հաղորդում է Kyodo-ն, վթարը տեղի է ունեցել Տոկիոյի Սիբուա կենտրոնական թաղամասերից մեկում էստակադան բարձրանալու պահին, ավտոմատ ուղեփակոցի անսարքության պատճառով։ Տեղի իրավապահների տվյալներով, այն պահին երբ վարչապետին ուղեկցող մեքենաներից առաջինն ընթացողն էլեկտրոնային տերմինալում վճարել է էստակադայի ուղեվարձը եւ առաջ է ընթացել, ավտոմատ ուղեփակոցը չի բարձրացել։ Ճապոնացի վարչապետի թիկնազորի մեքենայի վարորդը ստիպված է եղել կտրուկ արգելակել, ինչի հետեւանքով շղթայական բախում է տեղի ունեցել։ Մեքենան, որի մեջ է եղել Սինձո Աբեն, հինգ մեքենայից կազմված շարասյան մեջտեղում է եղել։
Վարչապետը չի տուժել, հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։ Թիկնազորի երկու աշխատակից թեթեւ վնասվածք են ստացել։




























