Սարաեւոյում կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվել է Բոսնիա եւ Հերցեգովինայի Դաշնության նախագահ Ժիվկո Բուդիմիրը: Քաղաքական գործիչը ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից ապրիլի 26-ի երեկոյան կատարված հատուկ գործողության ժամանակ:
Ինչպես հայտնել է սերբական «Վեչերնիե Նովոստի» լրատվական պորտալը, պետական գործակալության աշխատակիցները հետաքննության եւ անվտանգության համար ձերբակալել են Բուդիմիրին հենց աշխպատավայրում եւ շինությունը խուզարկել են: Reuters-ի տվյալներով` նախագահի վարչակազմի խուզարկությունը եւս ընթացել է կառավարության շենքում: Ոստիկաններն առգրավել են հանցագործներին ներում շնորհելու հրամանների բնօրինակները, որոնք ստորագրել է նախագահը:
Հետաքննությունը սկսվել է դատապարտյալներին անօրինական կերպով ներում շնորհելու անընդհատ կրկնվող դեպքերի շուրջ առաջացած աղմուկի շրջանակում: Ինչպես հաղորդել են լրատվամիջոցները` Դաշնության ղեկավարը կաշառքի դիմաց ներում է շնորհել հանցագործներին, այսինքն նա փաստացիորեն վաճառել է նախագահական կնիքը:
Ոչ պաշտոնական տեղեկություններով` Բուդիմիրն իր կնիքը գնահատել է 40 հազար եվրո, գրում է «Գազետա.ռու»-ն:
Միայն վերջին տարվա ընթացքում Բոսնիա եւ Հերցեգովինայի Դաշնության նախագահը ներում է շնորհել 96 մարդու: Ներվածներից 35-ը մարդասպաններ են եղել, մեկ հոգի բռնաբարող, ինչպես նաեւ հինգ հոգի անօրինական կերպով թմրանյութի արտադրության եւ շրջանառության համար դատապարտվածներ:




























