Անգլիական Պրեմիեր լիգայի հանրահայտ ակումբներից մեկը` «Տոտենհեմը» երեւանյան «Փյունիկի» ֆուտբոլիստ Էմմանուել Մբոլայի համար պատրաստ է վճարել մեկ մլն ֆունտ ստեռլինգ, տեղեկացնում է անգլիական Daily Mirror պարբերականը:

Հիշեցնենք, որ 16-ամյա պաշտպանը մեկնել էր Լոնդոն, որտեղ փորձաշրջան էր անցնում «Տոտենհեմի» հիմնական կազմում եւ նրա խաղին հետեւել է թիմի գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը:

Armfootball.com կայքի փոխանցմամբ, սպասվում է, որ զամբիացի ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի լոնդոնյան ակումբի հետ, բայց հաջորդ մրցաշրջանը վարձավճարով կխաղա եվրոպական ակումբներից մեկում, քանի որ ըստ Պրեմիեր լիգայի կանոնադրության, անգլիական պրեմիեր լիգայում իրավունք չունեն հանդես գալ այն ֆուտբոլիստները, որոնց ազգային հավաքականները ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 70-րդ տեղից ցածր հորիզոնական են զբաղեցնում: Իսկ Զամբիան ըստ այդ դասակարգման 71-րդն է:

Անգլիական մեկ այլ պարբերական՝ The Daily Mail-ը հրապարակել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապի հարցազրույցը, որտեղ վերջինս նշել է, թե չի ճանաչում Մբոլա անունով ֆուտբոլիստի: «Ես այդպիսի ֆուտբոլիստի չեմ ճանաչում: Մեզ մոտ երկու նիգերիացի երիտասարդ ֆուտբոլիստներ էին մարզվում, բայց Զամբիայից ոչ ոք չի ժամանել: Հնարավոր է, որ նրա ծառայություններով հետաքրքրվել է մեր ակադեմիան, բայց Մբոլան թիմի հիմնական կազմի հետ չի մարզվել»,- նշել է Ռեդնապը: