Եվրամիությունը հայտարարել է, որ լրջորեն մտահոգված է Թուրքիայում բարձրաստիճան պաշտոնյանների եւ զինվորականների զանգվածային ձերբակալությամբ, որոնք մեղադրվում են հեղաշրջում նախապատրաստելու մեջ։

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն իր հայտարարության մեջ կոչ է արել այս գործով «ազնիվ դատավարություն» անցկացնել։

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին ձերբակալվել էին 49 բարձրաստիճան զինվորականեր, ներառյալ 21 հրամանատարներ։ Ձերբակալվածների թվում էին Թուրքիայի ՌԾՈւ-ի եւ ՌՕՈւ նախկին գլլխավոր հրամանատար Իբրահիմ Ֆիրտինը եւ Օզդեն Օրնեկը, Առաջին ցամաքային կորպուսի նախկին հրամանատարներ Էրգին Սայգունը եւ Չեթին Դողանը։

Նշենք, որ հեղաշրջում կազմակերպելու առնչությամբ գործի հետաքննությունը սկսվեց 2003 թվականին, այն բանից հետո, երբ Taraf պարբերականում եղան մի շարք բարձրագոչ հրապարակումներ։ Թերթը մասնավորապես տպագրել էր «Մեծ մուրճ» անունը ստացած հեղաշրջման ծրագիրը, որով նախատեսվում էր Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ պայթեցնել մզկիթներ եւ Էգեյան ծովի վրա գցել կործանիչներ՝ դրանով ցույց տալ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թուլությունը եւ հեղաշրջում իրականացնել։ Taraf-ի հաղորդմամբ, այդ փաստաթղթի հեղինակները նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են, ովքեր անցել են աղմուկ հանած «Էրգեկոն» գործով։ «Էրգեկոն» կազմակերպությունը ծրագրել էր տապալել Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս գործի առթիվ դատն անցկացվում է 2007 թվականից։ «Էրգեկոնի» գործով հետաքննություն է անցկացվում 200 մարդու նկատմամբ, որոնց թվում կան քաղաքական եւ հասարակական գործիչներ, լրագրողներ, փաստաբաններ, պրոֆեսորներ եւ պաշտոնթող ու գործող պաշտոնյաններ։