Այսօր Ծաղկաձորում տեղի է ունեցել «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը: «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի այս տարվա հաղթող է դարձել Եղյանների ընտանիքը Կոտայքի մարզից: Երկրորդ եւ երրորդ տեղերում հայտնվել են Սահակյանների ընտանիքը Արարատի մարզից, եւ Սանթրոսյանների ընտանիքը Երեւանից: Հաղթող ընտանիքները ստացել են վկայագրեր եւ դրամական պարգեւներ:
Մրցմանը ներկա է եղել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, որն էլ մրցանակներ եւ վկայագրեր է հանձնել հաղթողներին:Նախագահը շնորհավորելով մրցույթի մասնակիցներին եւ հաղթողներին` ասել է, որ այս մրցույթում կարեւորը մասնակցությունն է: «Զանգվածային սպորտը, ակտիվ հանգիստը ոչ միայն ամուր առողջություն են ապահովում, այլեւ բարձր, լավ տրամադրություն: Նայեք, թե ինչպիսի լավատեսությամբ են ճառագում առաջին հերթին երեխաների դեմքերը: Եթե մեր հանրապետությունում բոլոր ընտանիքները զբաղվեին սպորտով, ակտիվ հանգստանային, ապա, կարծում եմ, մենք ամենաերջանիկ երկրներից մեկը կլինեինք: Բոլորիդ շնորհավորում եմ եւ ցանկանում, որ հաջորդ տարի 170 ընտանիքների այս միությունը վերածվի գոնե 250 ընտանիքների միության»,- ընգծել է երկրի ղեկավարը:




























