Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար, Հայաստանի եւ Կատարի կառավարությունների միջեւ տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր՝ ապրիլի 29-ին, ընդունել է Հայաստանում Կատարի դեսպան Իբրահիմ Ա. Ռահման ալ- Մեղայիսիբին (նստավայրը` Թեհրան): Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:
ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ առեւտրատնտեսական կապերի ակտիվացման, համագործակցության ընդլայնման հարցեր:Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հայ-կատարական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի նախապատրաստական աշխատանքներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնաժողովի նիստն անցկացնել այս տարվա հունիսին, Երեւանում, որոշվել է աշխատանքներ տանել նիստի օրակարգը սեղմ ժամկետներում ձեւավորելու ուղղությամբ:
Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել աջակցություն ցուցաբերել փոխշահավետ ծրագրերի իրականացման նախաձեռնություններին`որպես համագործակցության զարգացման արդյունավետ հարթակ դիտարկելով միջկառավարական հանձնաժողովը:
Ա. Գեւորգյանը կարեւորել է Հայաստան կատարական ներդրումների ներգրավման հարցը` հեռանկարային համարելով համագործակցությունը գյուղատնտեսության,արդյունաբերության, զբոսաշրջության, գիտակրթական բնագավառներում: Կատարի դեսպանը տեղեկացրել է, որ սոցիալական հարցերի ոլորտում համագործակցության հարցերի քննարկման նպատակով մայիսի երկրորդ կեսին նախատեսվում է Կատարի պետության աշխատանքի նախարարության պատվիրակության այցը Հայաստան:
Հանդիպմանը նաեւ պայմանավորվածություն ձեռք է բերվել, որ օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության հարցեր քննարկելու նպատակով հունիսին Հայաստան կայցելի Կատարի քաղավիացիայի պատվիրակությունը: Ա. Գեւորգյանը նշել է, որ աշխարհի առաջատարներից համարվող կատարական «Qatar Airways» ավիաընկերության մուտքը հայկական շուկա կնպաստի ուղեւորափոխադրումների որակի եւ այս ոլորտում մրցակցության բարձրացմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրներում դեսպանատների բացման հնարավորությանը եւ ընդգծել, որ այն կարող է նպաստել փոխգործակցության արդյունավետությանը:




























