Հայաստանից հեռացել է Գոռ Դավթյանը, ում, ըստ ոստիկանության առաջ քաշած մեղադրանքի, ՍԻԼ կոնցեռնի գրասենյակում ապօրինի անազատության մեջ են պահել «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանն ու «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանը: Հիշեցնենք, որ մինչ մեղադրանք առաջադրելը, նրանք կասկածվում էին զենքի սպառնալիքով Գոռ Դավթյանին ահաբեկելու մեջ:

Սա, ըստ էության, շոկի մեջ է գցել ոստիկանությանը, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների, բերման է ենթարկել Գոռ Դավթյանի մերձավոր ազգականներից մեկին և ճնշումների ենթարկել՝ պահանջելով անհապաղ հանրապետություն վերադարձնել նրան։

Նշենք, որ երեկ Սարիբեկ Սուքիասյանի փաստաբանները լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էին, որ Գոռ Դավթյանն այս գործով անցնում է որպես տուժող, ում ապօրինի անազատության մեջ են պահել ոչ թե ՍԻԼ կոնցեռնում, այլ ոստիկանության բաժանմունքում: Ըստ փաստաբանների Գոռ Դավթյանին ոստիկանությունում շուրջ 20 ժամ պահել են անազատության մեջ, առանց իրավաբանական օգնություն տրամադրելու։

Ըստ ոստիկանության վարկածի, Գոռ Դավթյանը SMS հաղորդագրություն է ուղարկել, երբ գտնվելիս է եղել ՍԻԼ կոնցեռնում: Սակայն բանն այն է, որ Սարիբեկ Սուքիասյանին ձերբակալել են ժամը 16-ին, այնինչ ոստիկանությունը հայտարարում է, որ իրենք «հանցագործության մասին հաղորդում» ստացել են ժամը 17:30-ին:

Ս. Սուքիասյանն ու նրա փաստաբանները պնդում են, որ իշխանությունները ոստիկանության միջոցով ցանկանում են խլել Սուքիասյանների ունեցվածքը։