Ոստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից վաշխառությամբ զբաղվելու, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքն հափշտակելու եւ շորթում կատարելու հատկանիշներով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: «Փաստինֆո»-ի թղթակցի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ տեղեկացնելով, որ նախաքննության շրջանակներում հարցաքննվել են մի շարք վկաներ, իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
ՀՔԾ-ից նաեւ տեղեկացրել են, որ քրեական գործի հիմք հանդիսացած նյութերը ստացել են օրերս։ «2013թ. ապրիլի 25-ին ՀՀ ոստիկանությունից ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել են նյութեր, որոնցում առկա են ոստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների վաշխառությամբ զբաղվելու, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքն հափշտակելու եւ շորթում կատարելու հանցագործության հատկանիշներ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հիշյալ դեպքերի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքիի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ կազմակերպված խմբի կողմից շորթում, եւ 213-րդ հոդվածի 1-ին մասով՝ վաշխառություն»,- տեղեկացնում են ՀՔԾ-ից։ Անուններ կամ այլ մանրամասներ քրեական գործի մասին ՀՔԾ-ն չի հրապարակում՝ նշելով, որ քննության շահերից ելնելով նախաքննության ներկա փուլում այլ մանրամասներ չեն հրապարակվում:
Իսկ մամուլում որպես խարդախությունների եւ շորթումներով զբաղվող խմբի որպես ակտիվ դերակատար նշվել է Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը, շոշափվում է նաեւ Շիրակի գործող ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի անունը։




























