Մենք երբեք ոչ մի վատ բան չենք ասում Հայաստանում գործող որեւէ քաղաքական ուժի հասցեին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, Երեւանի Կենտրոն թաղամասի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը՝ պատասխանելով ընդդիմադիր քաղաքական ուժերի միջեւ պայքարին վերաբերող հարցին: Նրա համոզմամբ՝ սխալ է որեւէ քաղաքական ուժի թշնամաբար վերաբերելը: «Մենք տեսնում ենք հակառակորդների, տեսնում ենք մրցակիցների, սխալվողների, ցավոք նաեւ հիմարների, սակայն չի կարելի նրանց թշնամի համարել, որովհետեւ թշնամին դա դավաճանն է»,-ասել է նա՝ ընդգծելով, որ թշնամու եւ դավաճանի հետ խոսելու միայն մեկ ձեւ կա եւ Հայաստանում նման ձեւի կիրառումն անթույլատրելի է:

«Մեր զուսպ դիրքորոշումն այլ քաղաքական ուժերի նկատմամբ պետք է ճիշտ հասկանալ: Մենք միշտ այդպիսին ենք եղել եւ դրա պատճառով մեզ միշտ ասել են, որ ՀՅԴ-ն ընդդիմություն չէ, իսկական ընդդիմությունը նրանք են, ովքեր հայհոյում են»,-հայտարարել է Վահան Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ ժամանակին բոլորից բարձր հայհոյում էր ԱՐտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը: «Հիմա նրանք որտե՞ղ են: Մենք բոլորս շատ լավ գիտենք, թե որտեղ են, բայց մենք նույնիսկ նրանց հասցեին ոչ մի վատ բան չենք ասում»,-ընդգծել է ՀՅԴ բյուրոյի անդամը՝ շարունակելով, որ իրենց կուսակցությունը փորձում է չանել մի բան, որի համար հետո փոշմանելու է:

Վահան Հովհաննիսյանը նաեւ հավելել է, որ Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ չպետք է այնպիսի իրավիճակ ստեղծի, որը կբացառի համագործակցությունը, եթե դա անհրաժեշտ լինի մեր ժողովրդին: