Պարսիկ հայտնի երգչուհի Ֆաեգեհ Աթաշին, որը հայ հասարակությանը հայտնի է իր Գուգուշ բեմական անունով, կոչ է արել միջազգային հանրությանը համապատասխան արձագանքի արժանացնել Իրանում տեղի ունեցող դեպքերը: «Անհրաժեշտ է համարժեք արձագանք տալ Իրանում տեղի ունեցողին: Ես դեմ եմ որեւէ տեսակի դաժանության, պատերազմների, օկուպացիայի կամ օտարերկրյա բանակների ներկայությանը: Ես կարծում եմ, որ իրանցի ժողովրդին ազատություն է պետք եւ մեզ վախեցնել հնարավոր չէ»,- ասել է Գուգուշը:

Նշենք, որ իրանցի էմիգրանտները տարբեր երկրներում հուլիսի 23-ից բողոքի հացադուլ են սկսել, որով իրենց աջակցությունն են հայտնում Իրանի ընդդիմադիր շրջանակներին, որոնք պաշտպանում են ընդդիմադիր գործիչ Միր Հուսեին Մուսավիին: Վերջինս Իրանում անցկացված նախագահական ընտրություններում պարտվել է երկրի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադին: Ընդդիմությունը կարծում է, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են: Հիմնական բողոքի գործողությունները տեղի են ունեցել հուլիսի 22-25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի շենքի դիմաց: Այստեղ բողոքի գործողությունները շարունակվել են մի քանի օր, որի հիմնական պահանջն է եղել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:

Գուգուշը իր աջակցությունն է հայտնել Իրանի ժողովրդին եւ այն մարդկանց ընտանիքներին, որոնց հարազատները սպանվել կամ ձերբակալվել են Իրանում նախագահական ընտրություններին հաջորդած ցույցերի ու անկարգությունների ժամանակ:

«Ներկայումս իրավիճակն Իրանում ահավոր է»,- ասել է երգչուհին ու հավելել. «Ես մտահոգված եմ դրանով եւ եկել եմ ՄԱԿ-ի շենքի դիմաց, որպեսզի սպանվածների մայրերի ու քույրերի ձայնը դառնամ, որոնք կորցրել են իրենց հարազատներին մղձավանջի վերածված խաղաղ հանրահավաքների ժամանակ: Հույս ունեմ, որ Իրանում կլինի ընտրության ազատություն, խոսքի ազատություն կանաց ու երեխաների համար, դավանանքի ազատություն: մենք պետք է պայքարենք դրա համար»: Գուգուշը նաեւ հավելել է, որ Իրանի ցանկացած քաղաքացու պարտքն է փորձել համատեղ լուծել խնդիրները: