Մենք հաղթելու ենք եւ դա անելու ենք միասին: Այս մասին, այսօր` ապրիլի 29-ին, Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻ նախարարի պաշտոնակատար, Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը: Նրա խոսքով՝ ծրագրերը կյանքի կոչելն ամենադժվարն է եւ դա պետք է անել միասին: «Մենք պետք է այնպես անենք, որ երեւանցիների եւ պաշտոնյանների միջեւ առաջացած անդունդը վերանա: Պետք է կարողանանք մարդկանց լսել եւ մարդկանց մատից փուշ հանել: Ես անգիր գիտեմ իմ էրեբունցու եւ մյուս վարչական շրջանների բնակիչների խնդիրները: Պետք է ստիպենք, որ պատասխանատուներն աշխատեն եւ դա պետք է անենք միասին»,- կարեւորեց Արմեն Երիցյանը:
Նա ընդգծեց քաղաքի համաչափ զարգացման կարեւորությունը, որ բոլոր վարչական շրջանները համաչափ զարգանան: «Հարուստներին պետք է ստիպենք ներկայացնեն, թե քանի աշխատատեղ են տալիս: Յուրաքանչյուր հարուստ, ոչ միայն իր բարեկամներին տարբեր գյուղերից բերի նշանակի աշխատանքի, այլ երեւանցիներին տա աշխատանք, քանի որ իր բիզնեսը գտնվում է Երեւանում»,- ասաց Արմեն Երիցյանը:
Քաղաքապետի թեկնածուն նշեց, որ բոլորս էլ հայ ենք, երեւանցի ենք եւ, եթե ուզում ենք երեւանցու համար լավ լինի, պետք է ամեն ինչ անենք միասին, քանի որ ոչ մի կուսակցություն առանց ժողովրդի ոչինչ չի կարող անել: «Դրա համար մենք կոչ ենք անում, որ երեւանցիները կանգնեն մեր կողքին, կոչ եմ անում, որ դուք ընտրեք էրեբունցուն եւ մենք միասին գնանք դեպի հաղթանակ»,- եզրափակեց Արմեն Երիցյանը:



























