Հայաստանում ու Երեւանում ոչ մի պաշտոնյա չի նշանակվում իր պաշտոնին, որպեսզի իրեն վստահված աշխատանքն ավելի լավ անի, քան իր նախորդը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, Երեւանի Կենտրոն թաղամասի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:

Նրա համոզմամբ՝ յւորաքանչյուր նշանակում կատարվում է մեկ տրամաբանությամբ. Նշանակում են իրենց մարդուն, որպեսզի հաջորդ ընտրություններում նա ապահովի իշխանության վերարտադրությունը: «Հենց այդ պատճառով էլ քաղաքապետը եւ վարչական շրջանների ղեկավարները ՀՀԿ անդամներ են: Բոլորի նպատակը ոչ թե Երեւանը նորմալ ծաղկող քաղաք դարձնելն է, այլ Երեւանում ստացված ձայների օգտագործումը, որպեսզի հետագայում ՀՀԿ-ն խորհրդարանում կամ նախագահական ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուն անպայման հաղթեն»,-նշել է Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դա վերաբերում է ոչ միայն քաղաքապետին եւ քաղաքի ղեկավար պաշտոններին, այլեւ գյուղապետարաններին, նախարարներին, որոնցից ոչ մեկը չի լուծում իր առջեւ դրված խնդիրները:

«Իհարկե, ընտրություններից առաջ գուցե ինչ-որ տեղ ինր-որ ասֆալտ են անում, ինչ-որ տեղ շատրվաններ են միացնում, ինչ-որ տեղ լուսավորում են, սակայն էական փոփոխությունները քաղաքի կյանքում այս իշխանություններից պետք չէ սպասել»,-ամփոփել է ՀՅԴ բյուրոյի անդամը: