ՕԵԿ-ը երբեք նախահարձակ չի եղել, բայց Անահիտ Բախշյանը, որի հետ տարիներ շարունակ գործընկեր ենք եղել, հանիրավի քննադատեց Արմեն Երիցյանին՝ ակնարկելով, որ իշխանության մեջ գտնվելով չի կարելի խոսել թերությունների մասին: Այս մասին հայտարարել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
«Նույն հաջողությամբ կարելի է պնդել, որ տիկին Բախշյանը, ով ԿԳ համակարգում ազդեցիկ պաշտոն է զբաղեցնում եւ ունենալով, կարելի է ասել, իշխանական լիազորություններ, չպետք է ընդդիմադիր դիրքերից քննադատությամբ հանդես գա: Գուցե սա է նկատի ունեցել Երիցյանն՝ անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Արմեն Մարտիրոսյանի չափից ավելի ջերմ ձեռքսեղմանը»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երեւանի քաղաքապետի ՕԵԿ-ի թեկնածու Արմեն Երիցյանն՝ անդրադառնալով «Բարեւ Երեւան» դաշինքի քարոզչական պաստառին, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը իրար ձեռք սեղմած նկարված են, ասել էր, որ ինքը կանանց ձեռքն է այդպես սեղմում, ոչ թե՝ տղամարդկանց:
Ի պատասխան, Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հայտարարել է, որ հարգելի նախարար Արմեն Երիցյանն այլ անելիք չունի, բացի Արմեն Մարտիրոսյանի հետ իր ձեռքսեղմումը մեկնաբանելուց: «Ես պատրաստ եմ սեղմել Արմեն Երիցյանի ձեռքը: Երիցյան դուք էլ եկեք, ես ձեր ձեռքը կվերցնեմ , դուք էլ եկեք, հայ մարդ եք, հայաստանցի տղամարդ»,-ասել էր նա:




























