«Մաքուր» համարել միայն այն քաղաքական ուժին, որ երբեւէ չի եղել իշխանության կազմում, կոռեկտ չէ, հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը Կենտրոն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանը: Վահան Հովհաննիսյանը մեկնաբանել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի հայտարարությունը, թե «Ժառանգությունն» ամենամաքուր ուժն է, քանի որ երբեք իշխանության մաս չի կազմել:
«Հայաստանում բազմաթիվ մանր կուսակցություններ կան, որոնք երբեւէ իշխանության մաս չեն կազմել, սակայն դա չափորոշիչ չէ, որ նրանք մաքուր լինեն»,- ասել է Հովհաննիսյանը: Նա նշել է, որ եթե քաղաքական ուժը երբեւէ չի եղել իշխանության կազմում, աշխատանքի համապատասխան փորձ չունի: «Եթե իշխանության մեջ չլինելը առավելություն են համարում, թող չձգտեն իշխանության, այդպես մաքուր էլ մնան»,- ասել է Վահան Հովհաննիսյանը:




























