Փետրվարի 24-ին Հունաստանում համընդհանուր 24-ժամյա գործադուլ է ընթանում կառավարության քաղաքականության դեմ: Բողոքի գործողության կազմակերպիչները մասնավոր եւ պետական հատվածի արհմիություններն են:

Երկրում չեն աշխատում հաստատությունները, բանկերը, դպրոցներն ու լրատվամիջոցները, դադարեցվել է օդային հաղորդակցությունը: Գործողությանը մասնակցում են տեղական ավիադիսպետչերները, որոնք կողմ են արհմիությունների պահանջին՝ չսառեցնել աշխատավարձերը: Աթենքում մի քանի հազար մարդ մտադիր է երթով շարժվել դեպի խորհրդարանի շենք:

Ավելի վաղ հունական իշխանությունները հայտարարել են պետծախսերի կրճատման մասին՝ ահռելի պետական պարտքն ու բյուջետային դեֆիցիտը կարգավորելու համար: Կառավարությունն առաջարկել է սառեցնել աշխատավարձերը, կրճատել պարգեւավճարները, փոխել հարկային եւ կենսաթոշակային համակարգերը:

Նշենք, որ Հունաստանում ընթացող գործադուլը չի ազդել Հայաստանից չվերթների վրա, քանի որ Երեւան-Աթենք հաջորդ չվերթը կայանալու է փետրվարի 26-ին: