Թուրքմենստանը մտադիր է Միջազգային իրավարարական դատարանում պաշտպանել Կասպից ծովում գտնվող որոշ նավթագազային հանքավայրերի՝ իրեն պատկանելու իրավունքը, որոնք վիճարկվում են Ադրբեջանի կողմից:
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը երկրի փոխվարչապետ Ռաշիդ Մերեշովին հանձնարարել է հեղինակավոր միջազգային փորձագետների ներգրավել՝ ուսումնասիրելու Ադրբեջանի՝ Կասպից ծովի նկատմամբ ունեցած նկրտումները:
Բերդիմուհամեդովը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, թե Կասպից ծովով անցնող սահմանի հարցը չի լուծվում Բաքվի դիրքորոշման պատճառով: Ըստ նախագահի՝ նման իրավիճակի պատճառը ծովի վիճարկելի տարածքում գտնվող բնական ռեսուրսներով հարուստ հանքավայրերն են, որոնք Ադրբեջանն համարում է իրենը: Խոսքը գնում է «Սերդար», «Օսման» եւ «Օմար» հանքավայրերի մասին:
Ընդ որում, Բերդիմուհամեդովը նշել է, որ թուրքմենական կողմը կընդունի այս հարցին վերաբերող ցանկացած դատական որոշում: Նա նաեւ տվյալ շրջանում աշխատող միջազգային ընկերություններին զգուշացրել է, որ եթե դատարանը որոշում ընդունի Թուրքմենստանի օգտին, ապա թուրքմենական կողմը այդ ընկերություններից կպահանջի փոխհատուցել երկրին հասցված վնասը։



























