Հայաստանի ոստիկանությունը հետապնդումներ է սկսել ոսկու շուկաների աշխատակիցների նկատմամբ, որոնք արդեն մեկ շաբաթ շարունակ գործադուլ են հայտարարել եւ բողոքի գործողություններ են իրականացնում կառավարության շենքի մոտ:
NEWS.am-ի տեղեկություններով, այսօր՝ փետրվարի 24-ի առավոտյան գործադուլի կազմակերպիչներից մի քանիսին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին: Ոստիկանատանը գործադուլի ակտիվիստներից պահանջել են վերջ տալ բողոքի գործողություններին ու «խելոք անցնել աշխատանքի»: Ընդ որում, մեր աղբյուրը նշեց, որ ոստիկանները գործադուլի կազմակերպիչներից փորձել են ճշտել նրանց կապը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ: Ընդ որում, որոշ տվյալներով՝ ակտիվիստների անունները ոստիկանությանն է տվել Խորենացի փողոցում գտնվող «Ոսկու աշխարհ» տոնավաճառի սեփականատերը՝ Վաղարշ Աբրահամյանը: Վերջինս, ի դեպ, նախօրեին ապամոնտաժել է գործադուլի կազմակերպիչներից մի քանիսի տաղավարները եւ արգելել առեւտուր անել իրեն պատկանող տոնավաճառում:
Ոստիկանության բռնաճնշումները չեն խանգարել գործադուլավորներին, որոնց միացել են հանրապետության այլ քաղաքներում գտնվող ոսկու շուկաների աշխատակիցները, եւ նրանք կառավարության շենքի մոտ շարունակել են իրենց բողոքի գործողությունը: Նշենք, որ կառավարության շենքի մոտ եւս միջադեպ է տեղի ունեցել։ Ոստիկաններն արգելել են նամակ հանձնել կառավարությանը, իսկ առավել ակտիվ գործադուլավորներից մեկին բերման են ենթարկել ոստիկանատուն:
Հիշեցնենք, որ ոսկու շուկայի աշխատակիցները պահանջում են աշխատել հաստատագրված վճարներով, ինչպես նախկինում: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում հունվարի 1-ից նրանք հաստատագրված գումարների փոխարեն վճարելու են ամսական եկամտի 2 տոկոսը, իսկ հաշիվ-ապրանքագիր չներկայացնելու դեպքում 2 տոկոսից բացի՝ ամբողջ տարվա եկամտի 11 տոկոսն են վճարելու: Ոսկու շուկաների աշխատակիցները հայտարարել են, որ անժամկետ շարունակելու են գործադուլը, քանի որ նոր փոփոխությունները կսննկացնեն իրենց:



















