ՕԵԿ-ը նախընտրական քարոզարշավի ընթացքում օրենքի խախտումներ թույլ չի տալիս: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ի շտաբի պետ Խաչիկ Հարությունյանն՝ արձագանքելով «Բարեւ Երեւան» ընդդիմադիր դաշինքի մեղադրանքներին: Նրա խոսքով՝ ընդհակառակը գալիս են ՕԵԿ-ի պաստառները պատռում են եւ իրենց պաստառներն են փակցնում: «Ես չգիտեմ, թե ով է անում, բայց, համենայնդեպս անում են: Օրինակ, Ազատության պողոտայի վրա թող գնան տեսնեն: Դեռ ոչ մի բան չեն կպցրել: Պատռած տեղերում նորից ենք փակցնում: Կամ ստենդի վրա այնպես են պաստառը փակցնում, որ կողքերը չես կարող պաստառ փակցնել: Այսինքն` ազատ տեղեր կան, բայց այդ պաստառը չի տեղավորվում: Դիմել են ԿԸՀ, լավ են արել: Մենք չենք դիմելու, քանի որ ընտրություններին մնացել է մի քանի օր, իսկ մենք ակտիվորեն զբաղված ենք նախընտրական քարոզարշավով»,- ասաց Խաչիկ Հարությունյանը եւ ավելացրեց, որ խոսքը տարբեր քաղաքական ուժերին է վերաբերում:
Ավելի վաղ «Բարեւ Երեւան» ընդդիմադիր դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված Դանիել Իոաննիսյանն ասել էր, որ քարոզարշավի առաջին օրից մինչ այսօր ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի կողմից ընտրական օրենսգրքի խախտման 50 դեմք է գրանցվել: «Ընտրական օրենսգիրքը խախտում են միայն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, ինչպես նաեւ ոստիկանության աշխատակիցները, ովքեր «Բարեւ Երեւան» դաշինքի անդամների հանդիպումների ժամանակ տեսանկարահանում են հանդիպմանը մասնակցող մարդկանց դեմքերը»,-ասել էր նա՝ հավելելով, որ իրենք արդեն այդ խախտումների հետ կապված դիմել են ԿԸՀ: Իոաննիսյանի խոսքով՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն պաստառներ են փակցնում այնտեղ, որտեղ դա արգելված է օրենքով: «Օրինակ, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաստառները տպագրվել է 7 հազար տպաքանակով, այնինչ Երեւան քաղաքում պաստառ փակցնելու տեղերի թիվը 1300 է: Մնացած պաստառները փակցվում են դրանց համար չնախատեսված վայրերում, խանութների ու սննդի օբյեկտների պատուհաններին: Դա որոշակի հոգեբանական ազդեցություն է ընտրազանգվածի վրա: Դրանով նրանք ուզում են ցույց տալ, որ ՀՀԿ-ն ամենուր է»,-կարծիք էր հայտնել նա: Իոաննիսյանը նշել էր նաեւ, որ քարոզչական պաստառներ փակցնելու համար նախատեսված ստենդների վրա ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն պաստառները փակցնում են օրենքի խախտումով: «A3 չափի պաստառի փոխարեն նրանք ավելի մեծ պաստառներ են փակցնում, նաեւ մի քանի փաստառներ են փակցնում, որը եւս օրենքի խախտում է»,-ասել էր նա:




























